Ընդդեմ ուրանի շահագործման
Կապանի "Օրհուս" բնապահպանական կենտրոնում երկուշաբթի հերթական քննարկումն էր՝ նվիրված ուրանի հանքավայրերի շահագործմանը։ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կայացած քննարկմանը մասնակցեցին մայրաքաղաքային տարբեր լրատվամիջոցներից ժամանած լրագրողներ: Գուցե վերջիններիս հետաքրքրեց թեման, բայց, ըստ էության, նոր ոչինչ չասվեց։ Օրվա բանախոսները կրկին անդրադարձան ուրանի վնասակարությանը։ "Խուստուփ" բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի կարծիքով, "սուտ է, երբ իշխանությունները, գիտնականները պնդում են, որ ուսումնասիրման աշխատանքներն անվնաս են": "Նման բան չկա, ճառագայթումը կա, ռադիոակտիվ տարրեր են",-ասաց նա: "Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն" ՀԿ նախագահ Տիգրան Ստեփանյանի խոսքով, տարբեր ժամանակաշրջաններում եւ տարբեր ՀԿ-ների գրասենյակներում նախաձեռնվող քննարկումների ձեւաչափը պետք է փոխել։ "Դուրս գանք փողոց, պայքարենք մինչեւ վերջ",-ասաց նա: Ի սկզբանե ուրանի հանքերի դեմ պայքար սկսած "Ազատամարտ" ՀԿ նախագահ Խորեն Հարությունյանի խոսքով էլ, ազատամարտիկները պատրաստ են մինչեւ վերջ պայքարել: "Մենք մահից չենք վախենում: Մեկ անգամ զգացել ենք մահվան շունչը",-ազատամարտիկների անունից հայտարարեց Խ. Հարությունյանը: Իր իսկ խոսքով, հայրենասեր կապանցի Սերգեյ Նահապետյանն էլ կարծում է, որ Կապանի քաղաքապետն ու մարզպետը թույլ չեն տա, որ այդ հանքերը գործարկվեն: Քննարկմանը մասնակից լրագրողներն այն կարծիքին էին, որ իրենց գործը հարցը բարձրացնելն է, իշխանությունների ուշադրությունը դրա վրա հրավիրելը։ Կապանյան քննարկումներից հետո լրագրողները շարունակելու են իրենց գործունեությունը, մայրաքաղաքում հանդիպելու են շահագրգիռ կառույցների հետ։ Ի դեպ, ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության, գերատեսչական կառույցների պատասխանատուների հետ նմանատիպ հանդիպում հունիսին կկազմակերպվի Սյունիքի մարզկենտրոնում։ Լրագրողները եղան նաեւ Լեռնաձորում, որտեղ գտնվում են ուրանի պաշարները:
Կարծիքներ