Ոչ պրոֆեսիոնալների կաբինետ

Ոչ պրոֆեսիոնալների կաբինետ
Հունիսի 4-ին ՀՀ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է կենսաթոշակային բարեփոխումների խնդիրը: Ընդլայնված կազմով խորհրդակցությանը մասնակցել են այս խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր պատկան մարմինների ներկայացուցիչները: Սովորաբար նման դեպքերում հիմնական զեկուցողի դերում հանդես են գալիս խնդրի գլխավոր պատասխանատուները` տվյալ դեպքում բարեփոխումների ծրագիրը մշակող եւ իրականացնող գերատեսչությունների ղեկավարները: Նախապես հայտնի է եղել, որ հարցի վերաբերյալ զեկուցելու են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն քանի որ ԲՀԿ-ական նախարար Մխիկը ոչ մի կերպ չի կարողանում համակարգի խնդիրներին տիրապետել եւ անտեղյակ է ինչպես սոցիալական ցանկացած, այնպես էլ կենսաթոշակային բարեփոխումների խնդրին, ուստի որոշվել է, որ զեկուցելու են փոխնախարարները: Ըստ այդմ` հարցը ներկայացրել են սոցապ փոխնախարար Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Փաստ է, որ Տիգրան Սարգսյանի կաբինետի անդամների մեծ մասը, այդ թվում` իր թիմակիցներ համարվողները, պրոֆեսիոնալ չեն ու չեն դառնում եւ իրենց ղեկավարած համակարգերի մասին շատ աղոտ պատկերացումներ ունեն: Եւ արդյունքում` գրեթե բոլոր նախարարություններում խնդիրներին առավել լավատեղյակ են եւ աշխատանքը յոլա են տանում հիմնականում փոխնախարարները: