Հետաքրքիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին մենք տեղեկանում ենք ադրբեջանական կամ թուրքական մամուլից: Դրանք էլ անշուշտ հավատ չեն ներշնչում, ուստի մենք սկսել ենք սովետական “հին, բարի” ավանդույթների ոգով կարդալ տողատակերում: Ասենք` եթե ադրբեջանցիները հայտարարում են, որ իրենք համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին, անգամ ինչ-որ առաջարկներ են արել, եւ այժմ գնդակը հայկական կողմում է, իսկ մեր արտգործնախարարը հայտարարում է, որ սա տեղավորվում է գեբելսյան պրոպագանդայի շրջանակներում, քանի որ ուղղված է սեփական ժողովրդին խաբելուն, կնշանակի բանակցությունները մտել են փակուղի: Արդյո՞ք իսկապես հայաստանյան իշխանությունները վստահ են արցախյան խնդրի հայանպաստ լուծման հարցում, թե՞ հենց իրենք են օգտվում “գեբելսյան պրոպագանդայի” սկզբունքից: Եթե իսկապես մերոնք թաքցնելու ոչինչ չունեն եւ ազնիվ են իրենց հասարակության հանդեպ, ինչո՞ւ չեն բացահայտում բանակցությունների ընթացքն ու ներկայացնում առաջարկվող փաստաթղթի էությունը: Այնպիսի լղոզված պատասխաններ, ինչպիսիք հնչեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը երեկ Ազգային ժողովում` պատասխանելով ազգիս ընտրյալների հարցերին, տալիս էին անցած, նախանցած տարի, 2 տարի առաջ: Այդ խորհրդավորության քողը, որով պատել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, այդ` իբր բանակցությունների ընթացքին չվնասելու մտայնությամբ լռությունը, այդ արտաքուստ հանգիստ, ներքուստ լարված վիճակը, ի՞նչ է նշանակում: Գուցե սա իրականում անտեղյակությունից է գալիս եւ իրական տեղեկատվությանը տիրապետող Հայաստանում ընդհանրապես չկա՞: Գուցե սա ընդամենը ժամանակ շահելուն ուղղված քա՞յլ է` “կամ էշը կսատկի, կամ իշատերը” սկզբունքով: Ինչ իմանաս:
Կարծիքներ