Երեկվա օրը բավական հագեցած էր, եւ խմբագրական գրելիս մի շարք թեմաների ընտրության առաջ էի կանգնած: Երեկվա սենսացիան, իհարկե, ՀՀՇ-ՀԱԿ իրավիճակն էր՝ ՀՀՇ փոխնախագահի շուրջ ծավալված իրավիճակը: Երկար տարիներ ոչ իշխանական ՀՀՇ-ում կարեւոր դերակատարում ունեցած Խաչատուր Քոքոբելյանին ուղղված մեղադրանքներն արտառոց էին. եթե ՀՀՇ փոխնախագահն է դավաճան եւ լրտես, ապա այլեւս ում կարելի է վստահել, եւ ով է հավատարիմը: Եւ դա խայտառակություն է: Իսկ եթե մեղադրանքները մտացածին են՝ շպիոն փնտրելու ամպլուայի մեջ, ապա կրկնակի խայտառակություն է. մարդու համբավն է արատավորվում: Մյուս՝ ըստ իս կարեւոր իրադարձությունը հայտնի ինտերնետ պրովայդերներից մեկի անհետացումն էր: Ժամանակին այդպես բանկերն էին "սկում"՝ իրենց ետեւից թողնելով հարյուրավոր խաբված ավանդատուներ: Նախկինում բանկերում ավանդ դնելն էր մոդա, նոր ժամանակներում՝ վեբ-կայք ունենալը: Երկուսն էլ ըստ էության "ավանդ" է՝ ներդրում: Հիմա մարդկանց կայքերն են առել ու փախել: Սակայն երեկվա լրահոսում կար մի լուր, որն ուղղակի ցնցեց ինձ. Երեւանի նախկին ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ (տիտղոսների ի՜նչ առատություն) Նարեկ Սարգսյանին Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշան հանձնելու լուրն էր: Շքանշանն այսօր են հանձնելու՝ հանդիսավոր պայմաններում: Հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար: Մեզ մնում է գուշակել՝ գուցե Երեւանի կենտրոնը հիմնովին փչացնելո՞ւ կամ ծառածածկ հատվածը հիմնահատակ կրճատելո՞ւ, իսկ գուցե Երեւանը քարակերտի վերածելու կամ թամանյանական գաղափարները հիմնովին վարկաբեկելո՞ւ համար: Դժվար է ասել: Առավել դժվար է ասել, թե Ֆրանսիան ինչ կապ ունի Նարեկ Սարգսյանի եւ նրա ստեղծած մարդատյաց ճարտարապետության հետ:
Կարծիքներ