Կայծակ, փոթորիկ ու կարկուտ

Կայծակ, փոթորիկ ու կարկուտ
Հունիսի 12-ի երեկոյան Տավուշի մարզը բնական ավերածության զոհ է դարձել: Ժամը 17-ի սահմաններում փոթորիկ եւ կարկտահարություն է եղել Բերդ, Չինչին, Մովսես, Նավուր, Իծաքար եւ Թովուզ համայնքներում: 19:50-ին նույնը կրկնվել է թե նշված տարածքներում, թե Իջեւան, Գետահովիտ, Ակնաղբյուր, Վազաշեն, Խաշթառակ, Լուսաձոր, Լուսահովիտ եւ Այգեհովիտ համայնքներում: Այս անգամ փոթորիկի ու կարկուտի տեւողությունը եղել է մոտ 20 րոպե, որն ուժեղ ավերածություններ է հասցրել նշված համայնքներին: Վնասվել են գյուղատնտեսական նշանակության տարածքներ, ջարդվել են բնակելի տների եւ գրասենյակների լուսամուտներ, Բերդի եւ Իջեւանի զորամասերի, ինչպես նաեւ հրշեջ եւ փրկարարական ջոկատների զորանոցները հեղեղվել են ջրով: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի  կողմից ստեղծվել է հանձնաժողով` աղետի պատճառած վնասի չափը ճշտելու համար: Իսկ ուրբաթ օրը կայծակների տարափ է տեղացել Աչաջուր գյուղում: Շատ բնակարաններում կայծակից վառվել են էլեկտրական սարքավորումները` սառնարան, հեռուստացույց, համակարգիչ: Մի դեպքում էլ կայծակի հարվածն իր վրա է վերցրել ալեհավաքը, ու բարձրավոլտ հոսանքը մալուխի միջոցով փոխանցվելով հեռուստացույցին` պայթյուն է առաջացրել, որի հետեւանքով փլվել է տան արտաքին պատի մի մասը, ջարդվել են լուսամուտները: Նաեւ վառվել են համակարգիչը, երկուական հեռուստացույց եւ սառնարան: