Ղարաբաղում քաղաքական դաշտ չկա, ճահիճ է
Ինչպես եւ ակնկալվում էր, մայիսի 23-ին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն առանձնապես փոփոխություն չմտցրին Արցախի ներքաղաքական դաշտում: Ընտրություններն անցան առանց ընդդիմադիր ուժի մասնակցության, ուստի եւ խորհրդարանն էլ միատարր է: Պարզապես ընտրությունների ընթացքում որոշակի մրցակցություն է եղել իշխանամետ երկու կուսակցություների միջեւ: Մանդատներ ստացած բոլոր կուսակցություններն իշխանամետ են: Ըստ էության, Արցախում առաջնորդվում են "գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում" մեխանիզմով, իսկ այլակարծության նշույլ անգամ չի նշմարվում: "Այստեղ ճահիճ է, ոչ մի շարժում չկա, ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունի",- ԼՂՀ ներքաղաքական կյանքն այսպես բնորոշեց Արցախի ներքաղաքական խոհանոցին քաջատեղյակ մեր աղբյուրը: ԼՂՀ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն արդեն կայացել է: Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 1-ով աճել է, բայց հետաքրքիրը սա չէ, այլ այն, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած "Ազատ հայրենիք" կուսակցությունը (ստացել էր ձայների 46,4 տոկոսը) այդ հանձնաժողովներում ավելի քիչ տեղեր է ստացել: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որ երկրորդ տեղն էր զբաղեցրել ընտրությունների արդյունքներով (հավաքել էր 28,6 տոկոս ձայն), ԱԺ մշտական հանձնաժողովներում 3 տեղ է ստացել, նաեւ ԱԺ նախագահ է վերընտրվել կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը: Նման իրավիճակը մեր աղբյուրը բացատրում է այն հանգամանքով, որ "Ազատ հայրենիք" կուսակցությունն ընտրությունների ընթացքում օգտագործել է պետական միջոցներն ու լծակները, ինչ պատճառով էլ խորհրդարանում 14 մանդատ ստացած կուսակցությանը հանձնաժողովներում 2 տեղ են տվել: Կուլիսների հետեւում այս փաստը մեկնաբանվում է, թե իբր վարչապետի կուսակցությանը վերեւներից "պատժել են" պետական ռեսուրսներն ընտրությունների ընթացքում օգտագործելու համար, իսկ տարբերակներից մյուսով՝ ուղղակի իշխանության պարզ բաժանում է կատարվել. խորհրդարանը՝ ԱԺԿ-ին, կառավարությունը՝ "Ազատ հայրենիքին": ԱԺ-ում 6 մանդատ ստացած դաշնակցականներն իշխանամետ են, իսկ 3 անկախ պատգամավորներն էլ, մեր աղբյուրի խոսքով, քամու ուղղությանն են նայելու: ԼՂՀ կառավարությունում վերջին շրջանում նաեւ փոփոխություններ տեղի ունեցան: Քաղաքաշինության, առողջապահության եւ տնտեսական զարգացման նախարարները փոխվեցին: Առողջապահության նախկին նախարար Արմեն Խաչատրյանի փոխարեն նշանակվել է մասնագիտությամբ վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանը, քաղաքաշինության նախկին նախարար Անահիտ Վարդանյանի փոխարեն, որը Երեւանից էր եւ ընդամենը "սովորական նախագծող էր", նշանակվել է Էդիկ Շահրամանյանը: Տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանի փոխարեն էլ (նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել) նոր նախարար է նշանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի որդի Կարեն Եսայանը: "Աբսուրդ վերադասավորումներ են կատարվում, ոչ մի բանի հետ կապ չունեցող: Վերջին 2 տարում երեք նախարար են փոխել: Հիմա էլ այս երեքը: Անընդհատ փոփոխում են եւ չեն պատճառաբանում: Ինչպես ընդունված է՝ իրենց դիմումի համաձայն ազատվում են, վերջում շնորհակալություն են հայտնում, որ լավ է աշխատել, բայց եթե լավ է աշխատել, թող աշխատեր: Աբսուրդ վիճակ է, չգիտես ինչու բերին, ինչու տարան",- կառավարության կազմում կատարված փոփոխությունների մասին ասաց Արցախի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ կադրերը ԼՂՀ կառավարությունում ընտրվում են "ով ում բարեկամն է" սկզբունքով: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա արցախահայությունը կարծես նիրհի մեջ է եւ խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, օրինակ ԵԽԽՎ վերջին բանաձեւից, բոլորվին անտեղյակ: Մտածում են՝ Հայաստանի նախագահը ղարաբաղցի է, ինչ անում է, իրենց համար է անում: Ղարաբաղցիների փոքր հատվածն էլ, որը քիչ թե շատ տեղակ է ԼՂ շուրջ ընթացող գործընթացներին, լռում է, որովհետեւ "իրենց երեւանյան բոսերի դաբրոյով են էստեղ իշխում",- պատմում է մեր աղբյուրը: Կուսակցություններից էլ միայն ՀՅԴ-ն է հարցի հետ կապված իր դիրքորոշումն արտահայտում, այն էլ միայն հայտարարությունների մակարդակով:
Կարծիքներ