Մի սպանության դասեր

Մի սպանության դասեր
Անշուշտ, կարող ենք արձանագրել, որ հասարակությունը հաղթանակ տարավ. Չարենցավանի ոստիկանության չորս աշխատակիցների, այդ թվում քրեական հետախուզության պետին մեղադրանք է առաջադրվել Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություններ կիրառելու կապակցությամբ: Հատուկ քննչական ծառայությունը ծավալուն միջորդագիր է հղել ոստիկանությանը, որտեղ մատնանշել է ոստիկանների թերացումները, այդ թվում՝ կասկածյալներին ոստիկանություն տանելու կարգի խախտումները: Ի՞նչ կարելի է եզրակացնել այդ միջնորդությունից եւ մեղադրանքից: Նախ այն, որ չնայած տեղեկանքում ամբողջ մեղքը բարդված է բաժնի պետի վրա, որ իբր ոստիկանները նրա ցուցումն են կատարել, սակայն հրամանը կատարողները չեն ազատվել պատասխանատվությունից: Ասել կուզի՝ հանցավոր հրաման կատարել չի կարելի եւ հրաման կատարելու անվան տակ թաքնվել հնարավոր չէ: Մյուս հետեւությունն այն է, որ տասնյակ տարիներ որոշակի աշխատաոճ որդեգրած ոստիկանները ստիպված պետք է լինեն վերանայել իրենց ոճը, քանի որ այն ի վերջո փորձանք է բերելու նրանց: Ծեծելով ու բռնությամբ ցուցմունքներ կորզելը, մարդկանց անօրինական ոստիկանություն տանելը, շանտաժն ու չկատարածը խոստովանել տալը ապագա չունեն, մի օր կհայտնվի մի Վահան Խալաֆյան, որի վրա նրանց "ոտքը քարին կառնի": Եւ այդ հեռանկարը կարող է սպառնալ բոլորին: Եթե նույնիսկ այս անգամ նրանք "թեթեւ" պրծան՝ ընդամենը մեղադրվում են "ինքնասպանության հասցնելու" եւ բռնություններ կիրառելու մեջ, ապա վաղը, երբ հասարակությունը քիչ ավելի հասուն կդառնա, նրանց կմեղադրեն սպանության մեջ, եւ նրանց կսպառնա 15 երկարուձիգ տարիներ ազատազրկման վայրերում անցկացնելու ճակատագիրը: Կատարվածից հարկ է, որ հետեւություններ անի նաեւ ոստիկանապետը, որն արժեր, որ իմանար՝ ստի ոտքերը կարճ են: