Ինչ տվեց

Ինչ տվեց
Հիլլարի Քլինթոնի այցը տարածաշրջան հիրավի նշանակալի իրադարձություն էր Հարավային Կովկասում ապրողներիս համար: Այս օրերին երեւանյան կուլուարներում քննարկվում է, թե ուր գնաց Հիլլարին, ինչ ասաց, ինչպես ասաց: Յուրաքանչյուր բառի տակ ենթատեքստեր են փնտրում, հեռուն գնացող հետեւություններ անում: Վերլուծում են, թե ում հետ հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարը, ինչու հանդիպեց կամ չհանդիպեց: Անշուշտ, ամենահետաքրքիրը հանդիպումների մասնակիցների շրջանակն էր, որ ընտրել էր տկն Քլինթոնը: Դրանից մի կողմից երեւում են ամերիկյան քաղաքականության պրիորիտետները, մյուս կողմից՝ փոքր երկրի քաղաքացիներին բնորոշ քաղքենիությունն ու գերտերությունների հանդեպ ակնածանքը: Այո, Հիլլարի Քլինթոնը Ուկրաինայում հանդիպել էր Յուլիա Տիմոշենկոյի հետ, Վրաստանում ցանկություն էր հայտնել հանդիպել Նինո Բուրջանաձեի հետ, իսկ Երեւանում չհանդիպեց ոչ Կոնգրեսի, ոչ □Ժառանգության□, ոչ էլ անգամ Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Գուցե խնդիրն այն է, որ մեր ընդդիմության մեջ կին լիդերներ չկա՞ն: Իսկ գուցե բանն այն է, որ մեր ընդդիմությունն է խեղճ ու թույլ, եւ ամերիկյան գործիչները նրան նույնացնում են իշխանության հետ: Իսկ գուցե Հայաստանում տիրող քաղաքական դասավորությունը ձեռնտո՞ւ է ամերիկյան իշխանություններին: Հնարավոր է, որ ընդհանրապես Հայաստանը նրանց հետաքրքրում է այնքանով, որքանով մեզանում կան չլուծված խնդիրներ, ուստի եւ լարվածության օջախ, որն ինչ-որ պահի կարող է սպառնալ ամերիկյան բարեկեցությանն ու անվրդով կյանքին: Դժվար է ասել: Նույնքան դժվար է ասել, թե ինչ տվեց Հիլլարի Քլինթոնի երկօրյա այցը Հայաստան: Թերեւս միայն ազգային սնապարծության զգացումները շոյվեցին. չէ որ անձամբ ԱՄՆ պետքարտուղարն է ժամանել՝ էքս նախագահ Բիլ Քլինթոնի կինը: