Ծնունդդ շնորհավոր, Սահմանադրություն

Ծնունդդ շնորհավոր, Սահմանադրություն
Արդեն 15 տարի հուլիսի 5-ը պետականորեն նշվում է որպես Սահմանադրության օր: Այս տարիներին տարբեր կերպ է այն նշվել: Սահմանադրության հեղինակներն ու կնքահայրերը հասցրին նշել ընդամենը երկու անգամ՝ օրենսդրությունը Սահմանադրությանը արագորեն համապատասխանեցնելու հավաստիացումների մթնոլորտում: Նախագահ պաշտոնավարող հաջորդը մի պահ փորձեց անտեսել, չանդրադառնալ հատուկ ուղերձով, սահմանադրական դատարանի պատրաստակամ նախագահին էր հանձնել այդ առիթով ընդունելություններ կազմակերպելու գործը:



Նման վերաբերմունքի պատճառները չափազանց ակնհայտ էին՝ իշխանության էր եկել մեկը, որի՝ Forbes-ի ցանկի ամենավերին տեղերում հայտնվելու նպատակին արգելք էին ոչ միայն Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այլեւ քաղաքական ընդդիմությունը, ազատ լրատվամիջոցները, Սահմանադրությունն ու օրենքներն առհասարակ: Ընտրված թիրախ-արգելքները վերացվեցին ամենայն սառնասրտությամբ ու մեկեն: Սահմանադրությունը ամուր եղավ, այն վերաձեւվեց միայն երկրորդ փորձից, ընդ որում այն պահին, երբ հայ հասարակության մեջ չէր մնացել մեկը, որը չհասկանար, որ մեզանում գլխավորը Սահմանադրության տեքստը չէ, այլ Սահմանադրությամբ առաջնորդվելու իրավական, քաղաքացիական  մշակույթը եւ իշխողների քաղաքական կամքը:



Ուստի 2005-ի սահմանադրափոխությանը հասարակությունը չդիմադրեց. մարդիկ պարզապես չգնացին քվեարկության՝ արդարացիորեն համարելով, որ փոփոխությունից ոչինչ չի փոփոխվի: 1990-ից սկսված եւ 1993-ին աշխուժացած Սահմանադրության տեքստի մշակումը եւ հրապարակ նետված մի քանի տարբերակների քննարկումը աննախադեպ երեւույթ էին հայ քաղաքական պատմության նորագույն շրջանում: Հայաստանի քաղաքացիների, գիտական, քաղաքական շրջանակների նման ակտիվացման մեկ ուրիշ պատճառ առաջիկայում չեմ տեսնում: Այդ մեծ բանավեճը եւ իշխանության, եւ ընդդիմության, եւ քաղաքական նախասիրություններին առանձնապես չտրված մարդկանց ընդհանուր վաստակն էր:



Հետո շատ ջրեր հոսեցին. Սահմանադրության մշակման գործում անուրանալի ծառայություն բերած Էդուարդ Եգորյանն ու Վլադիմիր Նազարյանն անժամանակ հեռացան մեզնից, մյուս մշակներին Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը փորձում են լուսանցք մղել: Անձնական բարեկեցության տեսանկյունից բարեհաջող, իսկ հանրային բարքերի առումով կասկածելի վիճակում են այժմ հայտնվել 15 տարի առաջ հանրաքվեի դրված նախագծի հակառակորդ դաշնակցականներն ու ԱԺՄ-ականները. Նրանք 98-ի հեղաշրջումից հետո բարեհաջող հանգրվանեցին ապահով վայրերում՝ նախագահականում, արտգործնախարարությունում, Հանրային պալատում, խորհրդարանում՝ սկզբում որպես սատարող, ապա իշխանության բաղադրատարր, հիմա էլ՝ շինիչ ընդդիմություն:



Նրանք անխռով մաշում են իրենց օրերը՝ մոռանալով, որ «ազգադավին» հեղաշրջած «ազգայինը» այդպես էլ չիրականացրեց  խորհրդարանական կառավարման ձեւ հաստատելու, գրչի մեկ հարվածով աշխարհի բոլոր հայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու, Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը պետականորեն հետամուտ լինելու մասին Սահմանադրության տեքստում հատուկ դրույթներ արձանագրելու իրենց բաղձանքները: Այս հուլիսի 5-ին էլ Սահմանադրության հեղինակներս մեծահոգաբար ականատես եղանք, թե ինչպես են Սահմանադրության համար գավաթ բարձրացնում նրանք, ովքեր, 90-ականների 1-ին կեսին լինելով հասուն տարիքում, մոտ չեն եկել գործին: Մենք նույնիսկ հպարտ ենք, որ մեր գործը ուզում են ուրիշները յուրացնել: Ուրեմն լավ գործ ենք ստեղծել: Մեզ համար մեծ ցավ է, որ այդ օրը ճոռոմաբանելու են նրանք, ովքեր ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդկային իրավունքները: Այդպիսիների դեմ մեր պայքարը կմնա անզիջում:



Արա ՍԱՀԱԿՅԱՆ



[email protected]