Պետք է կյանքի կոչել, ոչ թե փոխել
Պարոն Թոխյանը թեպետ ֆիքսեց փաստը, սակայն կանգ չառավ օրենքի կիրառման մեխանիզմների վրա, պարզապես ազդարարեց նոր սահմանադրական բարեփոխումների մասին: Այն հարցին, թե ի՞նչ կարիք կա նոր փոփոխություններ անելու, եթե վերջին փոփոխություններից ընդամենը հինգ տարի է անցել, առավել եւս, որ այս ընթացքում Սահմանադրության, մասնավորապես մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները շարունակ անտեսվել են ու արհամարհվել, պարոն Թոխյանը հստակեցրեց. «Անհրաժեշտություն կա վարչական բարեփոխումների ուղղությամբ, նախագահ-Ազգային ժողով, նախագահ-կառավարություն, հատկապես կարեւորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների հարցը, որոնք, իմ կարծիքով, չեն կայացել»:
Մասնագետի պնդմամբ, իրեն չի արդարացնում նաեւ մարզերի տարածքային բաժանումը: Երեւանի ավագանու ինստիտուտը նույնպես գոհացուցիչ չէ, նա կարծում է, թե համայնքների ղեկավարները պետք է ընտրովի լինեն, ոչ թե նշանակովի: «Երեւանն այսօր այն մակարդակով չի կառավարվում՝ ժողովրդական տեսակետից, որը ես անհրաժեշտ եմ համարում»: ՍԴ անդամի խոսքով՝ կիսատ է մնացել Սահմանադրական դատարանի կարգավիճակը, եւ լուրջ խնդիր կա հատկապես ՍԴ դիմելու անհատական բողոքի ինստիտուտի հետ կապված:
«Մենք ընդունել ենք Սահմանադրական դատարան անհատական բողոքի 60-70 թվականի հնացած, ոչ արդյունավետ մոդելը, շատ ավելի արդիական կլիներ, եթե մենք քաղաքացուն հնարավորություն տայինք ցանկացած սահմանադրական մարմնի ակտի սահմանադրականության հարցով ՍԴ դիմել»: Ֆ. Թոխյանն անդրադառնալով Սահմանադրության մեջ ամրագրված սոցիալական իրավունքներին, ասաց, որ դրանք ավելի շատ հռչակված են, քան կյանքի կոչված: ՍԴ անդամին հատկապես ցավ էր պատճառել այն, որ Սահմանադրության հոբելյանական տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսությունը նշվել է ոչ լիքը դահլիճում, այսինքն՝ պետական մարմինների վերաբերմունքը երկրի գլխավոր օրենքի նկատմամբ արտահայտվել է նաեւ տոնակատարությանը մասնակցության առումով:
Կարծիքներ