Թեժ ամառ

Թեժ ամառ
Իրոք, որ թեժ ամառ ստացվեց այս տարի: Խոսքն այս պարագայում քաղաքականության մասին չէ. այսպիսի շոգեր վաղուց չէինք տեսել: Բայց քաղաքականության առումով էլ պակաս "թեժ" չէ. Հիլլարի Քլինթոնի այցը, ղարաբաղյան ճակատում լարվածությունը, հայաստանյան կուսակցությունների ներսում տեղի ունեցող իրադարձությունները եւ վերջապես՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Անցած տարի այս շրջանում համեմատաբար խաղաղ էր, թեեւ արդեն "ֆուտբոլային դիվանագիտության" շունչն էր զգացվում: Օգոստոսի վերջին օրը, եթե հիշում եք, նախաստորագրվեցին հայ-թուրքական այդքան աղմուկ հանած արձանագրությունները, սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականություն դառնալու հեռանկար չունեն: Գոնե՝ առայժմ: Հիմա նույն ակտիվությունն է տիրում արցախյան խնդրում՝ առաջարկներ, հայտարարություններ ու ուլտիմատումներ: Արդյո՞ք այս ամենը կհասնի իր "տրամաբանական ավարտին", թե՞ կարժանանա հայ-թուրքականի ճակատագրին: Մի բան պարզ է, որ գործող նախագահը երկրի ներսում փոփոխությունների ռեսուրս չի տեսնում եւ հայացքն ուղղել է դեպի արտաքին քաղաքականություն, արտերկրի հետ հարաբերությունների կարգավորում: Անգամ կադրային հարցերում է Սերժ Սարգսյանը զգուշավոր ու սպասողական: Դրանց որոշել է անդրադառնալ այն ժամանակ, երբ դրսում խնդիրները կլուծվեն: Բայց արդյո՞ք կլուծվեն այդ խնդիրները, եւ արդյո՞ք ժամանակ ու հնարավորություն կունենա անդրադառնալու նաեւ ներքաղաքական կյանքին: Իր՝ նախագահ կարգվելուց հետո երրորդ տարին է գլորում, սակայն առանձնապես մեծ տեղաշարժեր նկատելի չեն եւ ոչ մի ասպարեզում: Անշուշտ, անլուծելի խնդիրների մի հսկա ժառանգություն է նրան բաժին հասել, բայց դրանց լուծման հարցում հաջողությունները համառորեն ուշանում են: