Քննական խոպանչիները

Քննական խոպանչիները
Երեկ մենք անդրադարձել էինք այս տարվա բուհական ընդունելության քննություններին: Ներկայացրել էինք, թե ինչպես են կատարվել "մախինացիաները": Երեկ արձագանքելով մեր հրապարակմանը՝ մեզ նոր տեղեկատվություն փոխանցեցին քննական "խոհանոցից": Պարզվում է՝ Գիտելիքների գնահատման կենտրոնում աշխատող որոշ հնարամիտներ թեստերը դուրս բերելու հետաքրքիր մեխանիզմ են մտածել. առավոտյան ժամը 7:30-ին, երբ թեստերի ծրարները բացվել են, մի մեծ խումբ մարդիկ արագ լուծել են թեստերի 4 տարբերակները, ապա 80 հարցի պատասխանները մուտքագրել համակարգիչների մեջ եւ մանր տառերով տպելուց հետո ինքնասոսնձվող թղթերի վրա կպցրել գրիչներին: Այո, այո՝ մի զարմացեք, ինֆորմացիան փոխանցվել է գրիչների միջոցով: Իրենց դիմորդներին առավոտյան շուտ չորսական գրիչ են տրամադրել, ամեն մեկի վրա` թեստերի չորս տարբերակներից մեկի պատասխանները: Բայց նախօրեին այդ դիմորդների հետ թրեյնինգ են արել՝ բացատրել են գրիչ- շպարգալկաներից օգտվելու ձեւը: Ընդ որում՝ գրիչի վրա փակցված թվերից ուրիշ մեկը դժվար թե գլուխ հաներ, ուստի բռնվելու ռիսկը նվազագույնի է հասցված եղել: Եւ մի բան էլ. ամեն մեկին վաճառել են իր ստանալիք գնահատականի դիմաց հասանելիք պատասխաններ: Եթե փողը վճարված է եղել 17-ի համար, համապատասխան թվով պատասխաններ պակաս են նշվել, որ մարդը հանկարծ 20 չստանա ու նախօրոք որոշված սխեման չձախողվի: Բացի գրիչների համակարգից, եղել է նաեւ թղթերի վրա պատասխանները փոխանցելու եղանակ, որն էլ հիմնականում հանգեցրել է մեծ թվով թեստերի արտահոսքի, ինչի արդյունքում վիճակը մեծ հաշվով անկառավարելի է դարձել, եւ այժմ ոչ ոք չգիտի, թե քանի մարդ է մասնակցել այս գործընթացին, ովքեր եւ ինչքան փող են աշխատել: Կրթության եւ գիտության նախարարության ձեռքից քննությունները ԳԹԿ-ին հանձնելը, փաստորեն, ոչ թե արդարության ապահովման երաշխիք դարձավ, այլ ավելի խճճեց իրավիճակը: