Էլ ոչ մի կեղծարարություն

Էլ ոչ մի կեղծարարություն
Երեկ "Հենարան" ակումբում "Ժառանգության" վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու հուլիսի 10-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում, եւ ավելացրել, որ կցանկանար այդ պաշտոնում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ կա դրա համար նաեւ հասարակական պահանջ: Իր օրոք կուսակցության վարչության եւ իր` վարչության նախագահի գործունեությունը Արմեն Մարտիրոսյանը գնահատել է 3-4 միավորով: Համագումարին այլ կուսակցականներ պաշտոնապես չեն հրավիրվելու, իսկ եթե լինեն էլ, ապա անձնական հրավերների մակարդակով:



Արմեն Մարտիրոսյանն ասել է նաեւ, որ նոր վարչության կազմը գրեթե ամբողջությամբ նոր կլինի, իսկ դրանում քիչ կլինեն "Ժառանգության" պատգամավոր անդամները: Քանի որ  "Ժառանգությունից" տրոհված` հեռացած եւ հեռացված անդամները Զոյա Թադեւոսյանի գլխավորությամբ հիմնական մեղադրանքներն ուղղում էին Արմեն Մարտիրոսյանին, ապա վերջինիս հարց ուղղվեց՝ այնուամենայնիվ, որպես վարչության դեռ գործող նախագահ, կարո՞ղ է երաշխավորել, որ նախորդ անգամ արձանագրված երեւույթները չկրկնվեն: "Դա իմ մեղավորությունն էր, կարծում եմ, որովհետեւ նախորդ համագումարի ընթացքում հանձնաժողովի նախագահը ես եմ եղել եւ կարծում եմ` իմ մեղավորությունն էր, որ ես չեմ պատկերացրել, որ մեր կուսակցության ներսում կարող են լինել անձինք, որոնք կփորձեն կեղծիքներ կատարել: Ցավոք սրտի: Բայց բարեբախտաբար պետք է նշեմ, որ կեղծարարության փորձը ժամանակին կանխվել է,  եւ անձինք, որոնք կեղծիքներ են կատարել, հետագայում կազմված հանձնաժողովի առջեւ խոստովանել են իրենց կատարած եւ կեղծիքը, եւ նպատակը, եւ երկրորդ` համապատասխան պատիժներ են կրել: Այս անգամ, որպեսզի հնարավոր չլինի իրականացնել նմանատիպ կեղծիքներ, մենք որոշակի կանոնակարգ կմշակենք",- Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց անուններով նշել, թե ովքեր են եղել ընտրակեղծարարները, որոնք խոստովանել են, միայն նշեց, որ նրանց պետք է փնտրել կուսակցությունից հեռացվածների շարքում: Այս պահին, ըստ նրա,  կուսակցությունն ունի 4 հազար 500-ից 5 հազար անդամ:



Կուսակցության վարչությունն արդեն մշակել է համագումարի օրակարգը, սակայն այն պետք է հաստատվի համագումարի կողմից: