Օմբուդսմենն իր աչքի միջի գերանը չի նկատում

Օմբուդսմենն իր աչքի միջի գերանը չի նկատում
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրջորեն մտահոգված է լրագրողների խոսքի ազատության սահմանափակումներով: Վերջերս նա հատուկ հետազոտություններ է կատարել, տեղեկատվության ազատության եւ ԶԼՄ-ների մասին օրենքներն է ուսումնասիրել եւ ոլորտի վիճակը բարելավող առաջարկներ պատրաստել: Բայց գործնականում նրա գրասենյակը հաճախ խուսափում է լրագրողներին պարզաբանումներ տրամադրելու հարցում:



Դեռեւս անցյալ տարվա փետրվարից Արմեն Հարությունյանի գրասենյակը հրաժարվում է պատասխանել "Հրապարակի" հարցերին կառավարության մի որոշման վերաբերյալ, որը, ըստ մեզ, խոչընդոտում է Հայաստանի կալանավայրերի իրավիճակը լուսաբանող լրագրողների գործունեությունը: 2009 թվականի հունվարի 29-ին ընդունված այդ որոշմամբ կալանավորված կամ դատապարտված անձանց արգելվում է նկարահանել խցերում կամ բնակության այլ վայրերում: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին խնդրեցինք պատասխանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս որոշումը չի խախտում այն ազատազրկվածների իրավունքը, որոնք ցանկանում են ցուցադրել իրենց կենցաղը, եւ այն լրագրողներինը, որոնք ուզում են դա արձանագրել: Արմեն Հարությունյանը հարցը վերահասցեավորեց իր գրասենյակի աշխատակից Արմեն Մաշինյանին, որն իր հերթին խոստացավ պատասխան տալ կառավարության որոշումն ուսումնասիրելուց հետո: 1 ամիս անց, երբ կրկին դիմեցինք Արմեն Մաշինյանին, նա ասաց, որ դեռ չի ուսումնասիրել որոշումը: Եւս մի քանի օր անց էլ նույն Մաշինյանը խորհուրդ տվեց գրավոր դիմում գրել օմբուդսմենին, եթե գտնում ենք, որ մեր իրավունքը խախտվել է, եւ մեզ արգելել են նկարահանումներ անել խցում: Արգելելը՝ արգելել են, բայց մենք ՄԻՊ-ի պատասխանն էինք ակնկալում ոչ թե որպես "տուժող", այլ որպես լրագրող: Բայց Արմեն Հարությունյանը, փաստորեն, մեզ "ցրեց", ինչպես հաճախ "ցրում" են սովորական մամուլի քարտուղարները: