Խմել եռացրած ջո՞ւր

Խմել եռացրած ջո՞ւր
Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը չորեքշաբթի նշեց, որ կապանցիներին մատակարարվող  խմելու ջրի մեջ շեղումներ են հայտնաբերվել, ու հորդորեց եռացրած ջուր խմել: Բոլորվին այլ տեսակետ ունեն ջրմուղագործները: "Սյունիքի մարզկենտրոնի բնակիչներին մատակարարվող խմելու ջրի մեջ շեղումներ չկան, ու  ջրի որակը համապատասխանում է սահմանված բոլոր նորմերին: Այն, որ  քաղաքի կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին, չի համապատասխանում իրականությանը։ Պետք չէ խուճապի մատնվել",-նման հայտարարություն է արել "Հայջրմուղկոյուղու" հարավային մասնաճյուղի "Կապան" տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը:



Հիշեցնենք, որ արդեն 7 օր է, ինչ շարունակվում է համաճարակաբաններ-ջրմուղագործներ հակասությունը: Ըստ համաճարակաբանների, "չնայած ախտածին ֆլորա չեն հայտնաբերել ջրի մեջ, բայց որակական շեղումներ արձանագրվել են": Ըստ տիկին Մալինցյանի՝ դա վարակազերծումը ոչ ճիշտ կազմակերպելու հետեւանք է, որը կատարվել է ոչ թե հեղուկ քլորով, այլ քլորակրի հաբերով: "Քլորակրի հաբերի դոզավորումը եւ հաշվարկները սխալ են կատարվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ջրի որակը զգալիորեն վատանա",-օրեր առաջ ասել էր համաճարակաբանը։ Հովհաննես Գեւորգյանը չի թաքցնում, որ հեղուկ քլոր չունեն, ու որ քլորակրով է ջուրը վարակազերծվում: Տարբերություն չկա, նույն նյութերն են` հակառակ բուժաշխատողների պնդում են ջրմուղագործները: "Գուցե մի օր պատկերը այլ չի եղել, ու նման ենթադրության են հանգել համաճարակաբանները",-ասում է Հ. Գեւորգյանը` մեկ անգամ եւս հավաստիացնելով, որ ջուրը մաքուր է ու պետք չէ եռացրած խմել կամ շշալցված ջուր գնել: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ առայժմ թունավորումներ չկան:



Արմեն ԴԱՎԹՅԱՆ