Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Մեծարգո Սերժ Ազատի Սարգսյան, դիմում եմ Ձեզ հետեւյալ խնդրանքով: 2007թ. հունվարի 24-ին դատապարտվել եմ վեց տարվա ազատազրկման: Շուրջ 3 տարի 6 ամիս է՝ գտնվում եմ դատապարտյալների "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկում: Մեկ տարի 11 ամիս պատիժս կրել եմ խցում եւ դրանից հետո շուրջ մեկ տարի 7 ամիս աշխատում եմ տնտեսական մասում: Չունեմ ոչ տույժ, ոչ նկատողություն: Սույն թվականի մարտի 1-ին պայմանական վաղաժամկետ ազատման համար "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի ադմինիստրացիան ինձ մերժել է: Հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանն ասել է, թե կատարողական թերթ ունես: Կինս՝ Վարդանուշ Բաբայանը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից բերեց տեղեկանք, որտեղ գրված է, որ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնում կատարողական վարույթ չի հարուցվել: Երեք ամիս հետո՝ սույն թվականի հունիսի 30-ին, նորից ներկայացրեցի, եւ "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը խայտառակ ձեւով, չթողնելով, որ ես ներկայանամ, ինձ ասաց, թե կատարողականդ ինձ համար նշանակություն չունի, "քեզ կալենդար պտի պահեմ, պտի մինչեւ վերջ նստես, դու հանցագործ ես": 1997թ. դատապարտված եմ եղել ՀՀ ՔՕ 90-րդ հոդվածի 15/89.4 կետի հատկանիշներով (խարդախություն): Իմ առաջին դատվածությունը ճակատագրական եղավ ինձ համար, եւ հիմա մի հատ քամի կպչում է, ինձ տանում-փակում են՝ հաշվի առնելով նախկինը: Ունեմ ինձ շատ սիրող կին եւ չորս երեխաներ, երկուսը՝ անչափահաս: Նրանցից մեծն ամուսնացած է եւ ունի երկու մանկահասակ երեխա: Կինս 3-րդ կարգի հաշմանդամ է: Եւ ի վերջո, ինձ համար հարց է մնացել՝ ի՞նչ անձնական թշնամություն ունի "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը: Ինչո՞ւ է ոտնահարում իմ արժանապատվությունը եւ ինչո՞ւ է ինձ զրկում երազելի ազատությունից, որին տենչում եմ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դատապարտյալ, պահանջում եմ հունիսի 30-ի իմ մերժումը ճանաչել անվավեր եւ թույլ տալ մասնակցելու հունիս ամսվա պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի նիստին: Նախապես հայտնում եմ խորին շնորհակալություն:



Խաչատուր

ՎԱՐԴԱՆՅԱՆ

դատապարտյալ