Անջուր ամառ

Անջուր ամառ
Մարդուն սննդից ու ջրից զրկելն անշուշտ ամենադաժան պատժաձեւերից է: Իսկ երբ մարդուն ջրից զրկում են օդի 40 աստիճան ջերմաստիճանի պարագայում, դա ինչպե՞ս անվանես: Ասենք, խանութից ջուր գնելով խմելու հարցը կարելի է լուծել, իսկ այս շոգ եղանակին լողանալու հարցն ինչպե՞ս լուծել: Եւ այս ինկվիզիցիան "Երեւանջուր" ընկերությունն օրինականացրել է ու մեծ հպարտությամբ ի կատար է ածում: Ամեն օր հեռուստատեսությամբ հանդիսավոր հրապարակում են մի քանի տասնյակ փողոցների ու թաղամասերի անուններ, որտեղ "վթարավերականգնողական" աշխատանքներ կատարելու համար 12-24-36 ժամով ջրամատակարարումը դադարեցվում է: Եւ ոչ ոք չի ասում՝ հարգելի "Երեւանջուր", դու մեզ հետ պայմանագիր ունես՝ անխափան ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ: Ես իմ պարտականությունները քո առաջ կատարում եմ, ճի՞շտ է: Եթե չկատարեմ, ասենք, ջրի վարձն ուշացնեմ, կգաս ու ջուրս կկտրես, ճի՞շտ է: Իսկ դու ինչո՞ւ չես կատարում քո պարտականությունները, այն էլ այս շոգ-կրակին: Գիտես, որ այլընտրանք չունեմ՝ ուրիշ կազմակերպությունից ջուր գնել չեմ կարող, ուրեմն պետք է չարաշահե՞ս մենաշնորհդ: Ինչո՞ւ է հենց ամառվա այս շոգին բռնում "վթարավերականգնողական" աշխատանքներ անելու քո մարմաջը, այլ ոչ թե ձմռանը կամ աշնանը: Ջուր չտալն է, մենք՝ հայերս էլ էինք դա լավ "անում", ի՞նչ իմաստ ուներ օտարներին այն հանձնելը: Այստեղ է, որ պետությունը պետք է միջամտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդվզեն, սպառողները դատարան դիմեն եւ հասկացնեն ջրի վրա նստած այս "վիշապին", որ այն պետք է անխափան հոսի ծորակներով՝ գիշեր-ցերեկ, 24 ժամ, ամառ-ձմեռ: Եթե չի հոսում, բարի եղիր հանձնել ջրի "վինտիլն" ավելի բարեխիղճ մատակարարողի: