Ո՞վ էիր իրականում հարկավոր իշխանությանը

Ո՞վ էիր իրականում հարկավոր իշխանությանը
ՍԴՀԿ թեւերի վեճը երեկ ավարտվեց առաջին ատյանի դատարանում, մերժվել է Գեւորգ Պերկուպերկյանի թեւի հայցը ընդդեմ կոնգրեսամետ թեւի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ատենապետության օրինականությունը: Հիշեցնենք, որ 2009 թվականի  դեկտեմբերին կուսակցությունը պառակտվեց: ՍԴՀԿ արտահերթ համագումարում մի խումբ որոշեց Լյուդմիլա Սարգսյանին եւ իր թիմակիցներին հեռացնել կուսակցությունից՝ նրան մեղադրելով իրեն ատենապետ հռչակելու, կուսակցության գաղտնիքները հրապարակելու եւ կուսակցությունն այլ քաղաքական ուժերին ծառայեցնելու մեջ: Որոշ ժամանակ անց տեղի ունեցավ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած համագումարը, որտեղ էլ որոշում կայացվեց կուսակցությունից հեռացնել հակառակորդ հնչակյաններին եւ չեղյալ հայտարարել ՍԴՀԿ արտահերթ համագումարն ու դրա արդյունքները: Թե ով ում հեռացրեց կուսակցությունից, հասկանալի չէ մինչ այսօր, սակայն կուսակցական կնիքը շարունակում է մնալ տիկին Սարգսյանի ձեռքին: Այս ընթացքում ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը սատարում է  Գեւորգ Պերկուպերկյանի թեւին, Լյուդմիլա  Սարգսյանը վայելում է Հայ ազգային կոնգրեսի աջակցությունը: Իսկ ատենապետի պաշտոնի անօրինականությունն ու կնիքի հարցը շարունակում են վիճարկվել դատարաններում: Ու թեեւ առաջին ատյանում հայցը մերժվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ, սակայն հայցվոր կողմը չի նահանջում եւ նույն մարտավարությամբ պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ  Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության պառակտումից հետո պնդում էր, թե պերկուպերկյանական թեւը վաճառվել է  իշխանությանը, եւ դատական նիստերի հետաձգումը պայմանավորված էր իշխանական լծակների աջակցությամբ, բայց, ինչպես տեսնում եք, "իշխանությանը ծախվածները" ոչ միայն տանուլ տվեցին դատը, ավելին, հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ՝ դատարանը  վճիռ կայացնելիս թույլ է տվել օրենքի խախտում: Դատարանի  կայացրած վճռի հիմքի՝ վաղեմության ժամկետանց լինելու  կապակցությամբ Հայկ Ալումյանը մեկնաբանեց. "Վաղեմությունն այն ժամկետն է, երբ մարդը կարող է իր խախտված իրավունքների համար դիմել դատարան, ժամկետն է երեք տարի:  Վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն պահից, երբ մարդը պետք է իմանա իր խախտված իրավունքների մասին, այսինքն՝ վաղեմության ժամկետը ոչ թե սկսվում է ինչ-որ իրադարձությունից, որով անձի իրավունք է խախտվում, այլ սկսվում է այն պահից, երբ որ անձն իմացել է այդ իրադարձության մասին, որով խախտվել է իր իրավունքը": Ըստ Հայկ Ալումյանի՝ տվյալ դեպքում հայցվորների համար վաղեմության ժամկետի ընթացքը պիտի սկսվեր 2009 թվականից, երբ նրանք իմացել են, որ, "հակառակ կանոնադրության պահանջներին, հակառակ ղեկավար մարմինների որոշումներին, ատենապետ է դարձել անձ, որը չէր կարող լինել, սակայն դատարանը սկսել է հաշվել այն պահից, երբ որ տեղի է ունեցել իրադարձությունը: ՍԴՀԿ անդամ, հայցվոր Գագիկ Մելիքյանը, մեզ հետ զրույցում վերադառնալով անօրինականության տարիներին, ասաց, որ 2003-ին համագումար է եղել, տիկին Սարգսյանը վերահսկիչ հանձնաժողովում է եղել, սակայն 2004 թվականին փաստաթուղթ է հայտնվել Պետռեգիստր՝ նիստի արձանագրություն վերտառությամբ, որտեղ ինքը ներկայացվում է ղեկավար մարմին. "Եթե նիստ չի եղել, ինքը ինչպե՞ս է ընտրվել",-հարցնում է երիտասարդ հնչակյանը: Իսկ տիկին Սարգսյանը, անդրադառնալով իր ատենապետությանը, ասաց, որ համագումարը չի եղել օբյեկտիվ՝ միջոցների բացակայության պատճառով, ինչն իրենք շատ լավ գիտեն. "Սեդրակ Աճեմյանի ցանկությամբ անընդհատ հետաձգվել է: 2004-ին պետք է արվեր, հետաձգվեց, 2008-ին նույնպես խնդրեց, որ հետաձգվի՝ անիմաստ համարելով մինչեւ համահնչակյան համագումարը համագումար անի հայաստանյան կառույցը":  Իսկ ընդհանրապես օրենքի տառին անդրադառնալով՝ ասաց. "Օրենքը չի պարտադրում երկու տարին մեկ համագումար անել, մի քանի իրավաբանների հետ եմ խոսել: Ես չեմ հիշում քաղաքական դաշտում մի կուսակցություն, որ երկու տարին մեկ համագումար է անում": Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ մեր օրերում տանուլ տվեցին "իշխանամետ կուսակիցները", պատասխանեց. "Գոնե մի փոքր հիմքեր պետք է ունենային, իսկ ո՞վ ասեց, որ հիմա իրանք պետք են իշխանությանը: Իշխանությանը պետք էր ընդդիմադիր մաքուր թեւը, որը դուրս կգար ՀԱԿ-ից: Չստացվեց": Թեեւ դատը շահել է տիկին Սարգսյանը, սակայն նրա հակառակորդ Նարեկ Գալստյանը չի ընկճվել. "Չէր կարող մարել հուրը սրբազան գաղափարի, որ կուռճանա մեր մեջ",-այսպես ասաց երիտասարդ հնչակյանը՝ վստահեցնելով, որ մյուս ատյաններում հաղթելու են: