Կոնֆլիկտը "սառեցված" չէ

Կոնֆլիկտը "սառեցված" չէ
Կրկին կրակոցներ են լսվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հուլիսի 8-ի լույս  9-ի գիշերը  եւ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քարվենդ, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Մուղանլու, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Շխլար, Քենգեռլի, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Դիվանագիտական դաշտում էլ երեկ ակտիվություն է նկատվել է: Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ալմաթիում տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեման լինելու է Լաչինից ու Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման հարցը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. "Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկություններն իրականության տեղ մատուցել": Ապա շարունակել է. "Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից": Իսկ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը ԵԱՀԿ 19-րդ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը խոսելով ԼՂ հակամարտությունից՝ նշել է, որ այն չի կարելի "սառեցված" համարել: "Կողմերը շարունակում են կորուստներ կրել, հետեւաբար "սառեցված հակամարտություն" եզրույթն օգտագործելը ԼՂ հակամարտության հետ կապված կարող է թյուրիմացություն առաջացնել", -ասել է Լենմարկերը: