Արցախում կադրերը "պոլնի կոմպլեկտ" են

Արցախում կադրերը "պոլնի կոմպլեկտ" են
Արցախում վերջերս շարունակվել են կադրային տեղաշարժերը։ Վարչապետի որոշմամբ՝ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախկին ղեկավար Վաչե Ադամյանը, որ անցյալ տարի Վերահսկիչ պալատի անցկացրած ստուգումների ժամանակ մինչ այդ վերոհիշյալ պաշտոնում աչքի էր ընկել ֆինանսական օրինախախտումներով, նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այնքան էլ պարզ չէ, թե "հասարակական հիմունքներով" ինչ խորհուրդներ է տալու իր շեֆին, քանզի նույնիսկ հաստիքավոր խորհրդականներն ամիսներով իրենց վերադասի երեսը չեն տեսնում։ Պարտաճանաչ աշխատանքի են գնում, իրենց այցելած ընկեր-ծանոթների հետ զրուցում եւ աշխատանքային օրվա մնացած ժամանակը սպառում համակարգչային խաղերով։



Արցախի կառավարության մի այլ որոշմամբ Արտյոմ Ավանեսյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար (մինչ այդ շրջվարչակազմի ղեկավարի պարտականությունները կատարում էր տեղակալը)։ Վարչապետ Արա Հարությունյանի ստորագրած մյուս որոշմամբ Լեւոն Գրիգորյանը նշանակվել է վարչապետի վերահսկողական ծառայության պետ:



Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կոմիտաս Կարապետյանին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում, իսկ կադրերի վերաբերյալ մեկ այլ հրամանագրով գնդապետ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ:



Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո վերջերս նկատվող կադրային տեղաշարժերի սակավությունը, բարձրաստիճան մի չինովնիկից փորձեցինք պարզել, թե առաջիկայում արդյո՞ք կադրային նոր փոփոխություններ են սպասվում։ "Իմ կարծիքով՝ հազիվ թե։ Բոլոր կադրերն արդեն իրենց տեղում են, այսպես ասած, "պոլնի կոմպլեկտ"",- պատասխանեց նա։



Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ