ՌԱԿ-ը պատել է վարչապետին

ՌԱԿ-ը պատել է վարչապետին
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը վստահ է, որ Հայաստանում գնում է կուսակցությունների խոշորացման գործընթաց, ու այդ մասին իր դատողություններն է կիսում մեր ընթերցողների հետ:



- Պարոն Առաքելյան, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դաշտի ուզուրպացված վիճակը, ի՞նչ շանս ունեն արտախորհրդարանական ուժերն իրենց գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու համար:



- Ընդհանուր առմամբ մեր տիպի կազմակերպություններին շատ բարդ է, որովհետեւ չկա որեւէ աջակցություն պետական որեւէ կառույցի կողմից, քանի որ Հայաստանում ամեն ինչը մոնոպոլիա է, այդ թվում՝ քաղաքականությունը: Երկիրն էլ բաժանված է մի քանի հոգու միջեւ: Մենք հիմա փորձում ենք նրանց հասկացնել, որ պատմական առաքելություն ունեն, որ ոչ թե Հայաստանի երեք միլիոն քաղաքացիների ղեկավարն են, այլ աշխարհասփյուռ տասը միլիոն հայերի: Ու թող չմտածեն, որ ոչ ոք ոչինչ չի տեսնում, ամբողջ հայությունն է նայում, թե ինչ է կատարվում:- Բայց հասկանո՞ւմ են: Որեւէ դրական միտում նկատե՞լ եք:



- Առանձին մարդկանց հետ զրույցներում բոլորը լավ հայրենասերներ են: Մենք նրանց բոլորին ընդունում ենք որպես մերոնք, բայց երբ գալիս է քաղաքական որոշում կայացնելու պահը, երբ պիտի դրսեւորվի հավաքական կամք ու քաղաքական միտք, բոլորը սպասում են պետական պատվերի՝ ինչ կասի նախագահը: Սկսած ԱԺ անդամներից, վերջացրած նախարարներով, որոնք բրոնյա արած տեղեր ունեն, սպասում են, թե վերեւից ինչ կասեն: Իսկ երբեմն էլ այդ վերեւը նախագահն էլ չէ, այլ դրսի որեւէ կառույց, ինչն ամենացավալին է:



- ՀՌԱԿ-ը կարծես թե երեք մաս ունի, որից երկուսը՝ Հայաստանում, դուք եւ արմենականները: Երկուսի հետ էլ կապ պահպանո՞ւմ է մայր կուսակցությունը, աջակցո՞ւմ է:



- Երեք մաս չկա: Կա մեկ Ռամկավար-ազատական կուսակցություն, որին ՀՌԱԿ-ը մաս է կազմում: Ձեր ասած մյուս կուսակցությունը կոոպերատիվ է եւ մեր կուսակցության հետ կապ չունի: Իսկ դրսի կուսակցության հետ սերտ կապերի մեջ ենք եւ մասնակցում ենք բոլոր գործընթացներին: Երիտասարդական բանակումներ ենք անում՝ սփյուռքից բերում ենք երիտասարդներ, տանում ենք, ծանոթացնում մեր սրբավայրերին, տանում ենք Ղարաբաղ, հայ զինվորի հետ ենք հանդիպացնում, նրանց հետ նստում-հաց են ուտում, հայկական տանկի վրա նկարվում են: Սրանք բաներ են, որ կապված են մեծ ծախսերի հետ:



- Բա արմենականները:



- Գիտեք, այդ անունն այդքան մի շոշափեք: Մի քանի հոգի կան ներսից, մի քանիսը դրսից, որ հեռացվել են կուսակցությունից կանոնադրական խախտման պատճառով: Վարչապետ Սարգսյանն օգտագործեց սրանց այն ժամանակ, երբ մենք սկսեցինք բացահայտել կառավարական գանձագողությունները, մեր դեմ ստեղծեցին այս կուսակցությունը, քսան հոգով համագումար արեցին: Բայց գանձագողության մասին մեր հայտարարությունները չկարողացան հերքել:



- Իսկ վարչապետի հետ Ձեր վեճը ի՞նչ ընթացքի մեջ է, սպառվե՞լ է, թե՞ դեռ ծխում է:



- Ես անձամբ վարչապետի հետ վեճ չունեմ: Այն գործունեությունը, որ կառավարությունն է անում այս վարչապետի ղեկավարությամբ ու Համաշխարհային բանկի ցուցումով, մեզ ուղղակի դրեց ստրուկի կարգավիճակում: Մեկ տարվա մեջ քառապատկվեց պետական պարտքը, տնտեսությունը քայքայվեց, վաճառվեց պահուստային ոսկին: Այսինքն իրենց թվում է, թե այս երկիրն իրենց սեփականությունն է: Մենք այդ երեւույթների դեմ ենք պայքարում, իսկ նրա անձն ինձ հետաքրքիր չէ: Մենք պատրաստ ենք դատարանում ապացուցելու, թե ինչ խոշորամասշտաբ գանձագողություն է արել:



- Ձեր ասածներից կարելի է հետեւություն անել, որ եթե վարչապետն է տնօրինում համաշխարհային կորպորատիվ կապիտալի դեպի Հայաստան ձգվող խողովակը, ուրեմն նա էլ պիտի ավելի հարուստ լինի, քան Քոչարյանը, որի կարողությունը գնահատվում է 8 միլիարդ, կամ Սերժ Սարգսյանը, որինը ընդամենը 4 միլիարդ է: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը կարող է դառնալ նաեւ նախագահ, ի՞նչ եք կարծում:



- Ես այդ բաների մեջ չեմ ուզում մտնել, դա թող հաշվեն իրավապահները, Վերահսկիչ պալատը: Բայց նրա պաշտպանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանը, այլ Համաշխարհային բանկն է, եւ ինքը բոլորին կարող է թելադրել, այդ թվում՝ նախագահներին, որովհետեւ Համաշխարհային բանկն ասում է՝ փող եմ տալիս, բայց այ այս մարդը պիտի լինի այսինչ պաշտոնում: Իսկ Տիգրան Սարգսյանը, չի բացառվում, որ նախագահ էլ դառնա, քանի որ նման խոշոր կառույցն է նրա թիկունքում: Նախագահը մեծ հաշվով դեր չի խաղում, ու Տիգրան Սարգսյանը ցանկացած պահի կարող է նրան փաստի առաջ կանգնեցնել:



- Լավ, իսկ Ձեր կուսակցությունն ի՞նչ մարդկային ռեսուրսներ ունի նպատակներին հասնելու համար:



- Անդամության խնդիր չունենք, եթե անգամ հաշվի առնենք այն փաստը, որ 2008-09 թվականներին 4 կուսակցություններ՝ "Դաշինք", "Ազգային վերածնունդ" եւ "Ազատական առաջադիմական", միացան ՌԱԿ-ի դրոշի ներքո:



- Հնարավո՞ր է, որ այդ գիծը զարգացնեք ու առաջիկա ընտրություններին մասնակցեք միավորված ուժերով:



- Մենք դա ենք ասում արտախորհրդարանական կուսակցություններին, որ կյանքն է ստիպելու միավորվել: Ինչո՞ւ մրցակցել ընտրությունների ժամանակ, եթե մեր գաղափարը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելն է: Այս պահին կոնկրետ միավորում չկա, բայց այդ քաղաքականությունը շարունակում ենք:



- Այսինքն այն կարծիքները, որ անհրաժեշտ է երրորդ ուժ, կարո՞ղ է իրականանալ ձեր միջոցով:



- Մենք  աշխատում ենք առաջին ուժ դառնալ: Ես անձամբ խնդիր չեմ ունեցել պատգամավոր դառնալ, բայց փոքրաթիվ մարդկանցով պառլամենտում հարց չի լուծվում: Ավելի լավ է չգնաս պառլամենտ ու կուսակցության նշաձողը  չցածրացնես քվեարկողի դերում հանդես գալով: Խորհրդարանից դուրս ավելի լավ է ազատ քննադատել:



- Դուք ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա ընտրություններին, եւ ե՞րբ է լինելու ձեր համագումարը:



- Համագումարի համար դեռ ժամանակ կա, 2011-ին լինելու է հերթականը, արտահերթի պատճառ էլ չունենք: Մի գաղտնիք ասեմ՝ ընտրություններին ընդառաջ մեր ցուցակը ուզում ենք բացել մտավորականների առջեւ, ներգրավել նրանց:



- Բայց այդ հնարքը կիրառեց ԲՀԿ-ն ու կարծես այնքան էլ չհաջողեց:



- Դա հնարք չէ, պարտադրված քայլ է: Մարդիկ, որ ազգային մտածողություն ունեն եւ ունեն անելիք հանրային կյանքում, բայց չունեն արտահայտվելու հնարավորություն, կարող են միանալ մեզ: Մեր ցուցակի ճնշող մեծամասնությունը, չի բացառվում, որ բաղկացած լինի անկուսակցականներից, որոնք վաստակ ունեն ու ասելիք իրենց ոլորտի մեջ: Ավելի լավ է այդպես, քան ամբողջությամբ կուսակցական ցուցակ ներկայացնենք ու իշխանության ջրաղացին ջուր լցնենք, ցույց տանք, թե իբր բազմակարծություն կա:



- Ես չեմ հասկանում, թե ինչու Հայաստանում չեն միավորվում բոլոր այն ուժերը, ովքեր նույն գաղափարներն են դավանում եւ ունեն նույն մտահոգությունները: Բոլորն ասում են ռեժիմ է, երկիրը թալանում են եւ այլն, բայց դրա դեմ առանձին-առանձին են պայքարում: Դուք մտածե՞լ եք այդ մասին:



- Գաղտնիքն այն է, որ միշտ հարց է առաջանում, թե ով պիտի լինի առաջինը: Կուսակցության ղեկավարների գլուխները, ժողովրդի լեզվով՝ մի կաթսայի մեջ չեն եփվում: Բայց կուսակցությունների խոշորացումը, կրկնում եմ, կյանքն է ստիպելու:



- Իսկ կյանքը դեռ չի՞ ստիպել ձեզ, որ միանաք ընդդիմությանը ու պայքարեք ռեժիմի դեմ: Նկատի ունեմ ՀԱԿ-ին:



- Զարգացումներից եկեք առաջ չանցնենք: Անձամբ ես պատրաստ եմ սատանայի հետ էլ համագործակցել, եթե դա իմ ազգին կբերի դրական արդյունքներ: