Օձերի հարցով ոչ ոք չի զբաղվում

Օձերի հարցով ոչ ոք չի զբաղվում
Հուլիսի 1-ին մենք անդրադարձել էինք Վանաձորի Տարոն 4  մին-էներգո թաղամասում օձերի խնդրին: Արդեն 10 օր է անցել, սակայն օձերը շարունակում են "բնակվել" թաղամասում: Բնակիչների խնդրանքով որոշեցինք պարզել օձերի հայտնվելու հանգամանքները, եւ կա՞ արդյոք դրանց դեմն առնելու որեւէ միջոց: Նախ զրուցեցինք Լոռու մարզի փրկարարական ծառայության պետ Հրաչիկ Անտոնյանի հետ, որն էլ նշեց. "Էսօր կլիմայի փոփոխությունը էնքան արտասովոր երեւույթներ է իր հետ բերում, որոնց դեմն առնելու ձեւերը մենք չգիտենք, եթե կա օձ, տղաները պետք է գնան բռնեն, վնասազերծեն, իսկ դրանց դեմն առնելու հատուկ պայքարելու ձեւ մշակելն աբսուրդ է": Տարոն 4 մին-էներգո թիվ 1 շենքի բնակիչ Վասիլ Ասատրյանը պատմում է, թե ինչպես է պատահաբար ոտքը օձի վրա դրել. "Գնում էի խանութ, մեկ էլ երեխեքը ճվացին, թե՝ զգուշ, ոտդ օձի վրա ես դնում, փախի ըտեղից, շատ վախեցա, բայց դե լավ է, որ չկծեց": Փրկարարական ծառայության պետի  հավաստիացմամբ՝ Լոռու մարզում այս տարի օձերի հետ կապված ահազանգեր չեն գրանցվել, հետեւաբար չեն եղել նաեւ խայթոցի դեպքեր: Զրուցեցինք նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Միրզոյանի հետ, որը եւս զարմացավ՝ լսելով նրանց քանակի մասին: Նա հիշեցրեց. "Բոլոր բուժհաստատությունները նախարարի հրամանով այսօր ունեն բազմաթիվ շիճուկներ, նաեւ պետք է ունենան անտիգյուրզին հակաթույն՝ օձի խայթոցի դեմ": Սակայն ակնհայտ է, որ ոչ ոք պատասխանատու չէ այս վիճակի եւ օձերի դեմ պայքար ծավալելու համար: Հետաքրքիր մեկ հանգամանք եւս, երբ զրուցում էինք բնակիչների հետ, հանկարծ 16 համարի շենքի բնակչուհին ճչաց. "Հենա օձը, Ձեր աչքով տեսեք": Իսկապես՝ օձը մեզնից մի քանի մետր էր այն կողմ, օձին մի կերպ բռնեցինք ու վնասազերծեցինք, սա եւս չափերով փոքր չէր, մոտ 75 սմ: Բնակիչները հումորով ասում են, թե էկզոտիկ պայմաններում են ապրում, սակայն վտանգը ոչ թե էկզոտիկ է, այլ միանգամայն ռեալ:           Է. Ա.