Աֆրիկյան ժանտախտը հաստատվո՞ւմ է

Աֆրիկյան ժանտախտը հաստատվո՞ւմ է
Սյունիքի մարզի Խդրանց գյուղը, որը հայտնի էր խոզապահությամբ, մնաց առանց խոզերի: Գյուղապետ Անդրանիկ Բաբայանի խոսքով, մոտ 74 գլուխ խոզ հարկադիր սպանդի է ենթարկվել վերջին 2 օրում: Հիշեցնենք, որ մոտ 15 օր է, ինչ գյուղի խոզերի մոտ վարակ է տարածվել ու դեռ անասնաբույժները չեն պարզել պատճառը:  Խոզերը ջերմում էին մոտ 42-44 աստիճան ու հետո սատկում։ Ըստ անասնաբույժների, գյուղացիները ժամանակին պատվաստումները չեն կատարել, ինչն էլ հանգեցրել է հիվանդության: Պաստերելեոզ զուգակցված  սալմոնելեոզի հետ` սա էր անասնաբույժների նախնական ախտորոշումը:  Հետաքրքիր է, որ չէին վարակվել միայն գյուղապետ Անդրանիկ Բաբայանի 17 խոզերը, ու նա վերջիններիս փակի տակ էր պահում: Հենց նրան էին որպես օրինակ բերում  անասնաբույժները` նշելով, որ բոլոր պատվաստումներն արել է: Իսկ քանի դեռ գյուղապետի խոզերը չէին վարակվել, նա ցանկանում էր մորթել, բայց անասնաբույժները չէին թույլատրում, հավանաբար հետագայի համար փորձառություն ձեռք բերելու նպատակով: Այնուամենայիվ, գյուղացիներն աֆրիկյան ժանտախտ էին կասկածում, քանի որ 2 տարի առաջ գյուղում կար համաճարակ: "Իմ խոզերն էլ վարակվեցին, ու այս երկու օրը հարկադիր մորթ ենք անում, բոլորը սպանդի ենթարկեցինք, հորեցինք գյուղից մի քանի կմ հեռու, ծածկեցինք հողով ու անասնաբույժների խորհրդով ախտահանիչ նյութեր ցանեցինք",-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց գյուղապետ Անդրանիկ Բաբայանը: Վերջինս նույնպես ժանտախտ է կասկածում, որովհետեւ նրա խոզերն էլ վարակվեցին: "Երկու օր առաջ էլի խոզերից փորձանմուշ ուզեցին, խոճկոր մորթեցինք, փայծաղները ուղարկեցինք, բայց... ելք չկար",-ասում է գյուղապետը` ավելացնելով, որ հարկադիր սպանդի գնացել է, որպեսզի վարակը չհասնի Խդրանցի հարեւան գյուղեր: Նշենք, որ սննդամթերքի անվտանգության ապահովման եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցը անցած չորեքշաբթի Խդրանցում հայտարարել էր, որ անալիզները պատրաստ կլինեն շաբաթվա վերջում: Սակայն երկուշաբթի նա ասաց, որ դեռ պատրաստ չեն: Հետաքրքի՞ր է, պրն. Թոխսանցը տեղյա՞կ էր, որ Խդրանցում խոզեր այլեւս չկան, թե... Ի դեպ, նա ասաց, որ պատասխանները երկու օրից կլինեն: Սպասենք:



Արմեն ԴԱՎԹՅԱՆ