Նոր թիրախ

Նոր թիրախ
Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ ինչ ուզում եք ասեք: Մենք պարբերաբար ինչ-որ խնդիրներ ենք հորինում, ինչ-որ թիրախներ ստեղծում մեզ համար ու սկսում հերոսաբար պայքարել դրանց դեմ: Ինչ-որ շրջան համայն հայության "թշնամու" տիտղոսը կրում էր ԵԽԽՎ նոր նախագահ Մովլութ Չավուշօղլուն, հետո՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցող Գորան Լինդբլադը, որոնցից առաջինն այդ "պատվին" արժանացել էր իր ծագման, երկրորդը՝ հակահայկական տրամադրվածության պատճառով: Հիմա էլ հայերս նոր թիրախ ենք գտել՝ հանձին Մեթյու Բրայզայի, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել: Մինչ նրա թեկնածությունը կքննարկվի ԱՄՆ Սենատում, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 19 անդամներին նամակ է հղել, որտեղ "մերկացրել է" վերջինիս: Էլ հիշել է նրա ելույթները, որտեղ Բրայզան հիշատակել է Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերը գրավելու մասին, էլ ներկայացրել  նրա կողմնակալությունը, քանի որ վերջինիս կինը՝ Զեյնո Բարանը, ազգությամբ թուրք է: Էլ նկատել է, որ նա ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթություններից գլուխ չի հանում: Մի խոսքով՝ բացահայտել են Բարաք Օբամայի կադրային "ապաշնորհ" քաղաքականությունը: Դժվար է ասել՝ եթե Մեթը չլիներ ԱՄՆ նախագահի ընտրյալը, այլ ոմն Սեմ կամ Ջեկ, դրանից մեր կյանքում ի՞նչ էր փոխվելու: Եւ փոխվելո՞ւ էր արդյոք: Մենք, որպես փոքր ժողովրդի ներկայացուցիչներ, անհուսալի ռոմանտիկ ենք եւ աշխարհաքաղաքական զարգացումներից գլուխ չենք հանում: Մեզ միշտ թվում է, թե անձերն են որոշում ամեն ինչ: Մինչդեռ ամերիկյան գաղութացման քաղաքականության մեջ մարդը փոքրիկ պտուտակ է՝ մեծ շահերին ու գործընթացներին գերի: