Սաֆարյանի անգլերենը թույլ չէ, ուժեղ է

Սաֆարյանի անգլերենը թույլ չէ, ուժեղ է
ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանի գիտելիքները միջազգային ատյաններում գնահատել են անբավարար: Երբ ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստի ժամանակ նա նետվել է պաշտպանելու Սերժ Սարգսյանին ու Վեհաժողովի ղեկավար Ժոաո Սոարեշին հանդիմանել է BBC ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահին քննադատելու համար, Սոարեշը նրան անուղղակի անվանել է  անգրագետ: "Արամ, Դուք լսել եք իմ հարցազրույցը, բայց քանի որ անգլերեն լեզվին շատ թույլ եք տիրապետում, չեք ըմբռնել ասածներիս իմաստը: Բայց մինչ նիստը սկսելը մենք կարող էինք քննարկել այս հարցը, այնպես չէ՞: Այդ դեպքում  ինչո՞ւ եք այդ մասին խոսում հիմա: Ես իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ հայտնում եմ: Այդ մասին ես խոսել եմ ինչպես Բաքվում, այնպես էլ Թբիլիսիում եւ Երեւանում, եւ այն համընկնում է Գորան Լենմարկերի գործունեությանը: Իսկ իմ դիրքորոշումը մի մարդու դիրքորոշում  է, որն ուզում է ներդրում ունենալ ցանկացած կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործում, դիրքորոշում, որը հետեւում է անկախության սկզբունքներին, հաշվի առնելով մարդու իրավունքները: Ես երբեք չեմ խախտել այդ սկզբունքները: Ես ճիշտ չեմ համարում միմյանց հանդիմանելու եւ միմյանց վրա հարձակվելու ձեւը: Ես հիացած եմ առաջին փուլում Ադրբեջանի կատարած աշխատանքով, այն արժանի է հիացմունքի: Ադրբեջանն ընտրել է զարգացման ճիշտ մոդել՝ նորվեգականը",-Սաֆարյանին պատասխանել է Սոարեշը, ակնհայտորեն ակնարկելով, որ Հայաստանը ներկայացնող պատգամավորը կարող էր խուսափել խայտառակությունից ու չհնչեցնել իրեն ուղղված հարցը: Հիշեցնենք, որ Սոարեշն ասել էր՝ թեպետ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի ԼՂ հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց չի կարծում, թե Հայաստանի քաղաքական ուժերի շրջանում ՀՀ նախագահն ունի բավարար հեղինակություն: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Արամ Սաֆարյանն ասաց, որ բացարձակ սուտ են այն տեղեկությունները, թե իբր պարոն Սոարեշն իրեն ասել է՝ "անգլերենին թույլ եք տիրապետում": Մինչդեռ ադրբեջանական կայքերը հակառակն են պնդում: