Հանուն Էրիկի

Հանուն Էրիկի
Նախօրեին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում բարեգործական համերգ էր, որի ողջ հասույթը փոխանցվելու է Էրիկ Սարգսյանի բուժման համար բացված հաշվեհամարին: 4-ամյա Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով, որի բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ: Էրիկն այժմ գտնվում է Ռուսաստանում, քիմիաթերապիայի կուրսեր է ընդունում: Փոքրիկի առողջության համար դրամահավաքը սկսվել էր համերգից առաջ: Կազմակերպիչը "Հանուն կյանքի" հասարակական կազմակերպությունն էր: "Երբ մենք իմացանք Էրիկի մասին, հասկացանք, որ մի քանի հոգով ոչ մի բան չենք կարող անել, պետք է ողջ Հայաստանի օգնությունը",-ասաց Անահիտը: Բարեգործական համերգին մասնակցում էին Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, Ռուբեն Բագրատունին եւ այլք, ովքեր մեծ սիրով համաձայնել էին այս նախաձեռնությանը: Ամեն ինչ անցավ հրաշալի: Համերգին ներկա էր Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ` Արմինե Հովհաննիսյանի հետ: Նա շատ հուզված էր ու չէր կարողանում զսպել հուզմունքն ու պատասխանել մեր հարցին. "Բեմի վրա գտնվում են արվեստագետներ՝ ամեն մեկը մի մշակույթի, արվեստի կրող, ու նրանք որոշել են միավորվել ու մի համաստեղություն են դարձել եւ ներկաների հետ մեկտեղ մի նպատակ են իրականացնում, որ փոքրիկ Էրիկը բուժվի ու Հայաստանի հպարտ քաղաքացի դառնա: Ես հիմա զգում եմ այս պահի ողջ  հուզականությունը, որ առանց խանդի, առանց նախանձի ու չարախոսության արվեստագետները եկել են ու հանդիսատեսի հետ միասին որպես աղոթք առ Աստված իրենց համեստ միջոցներով ուզում են մի հայի կյանք փրկել",- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բացի համերգից, տիկնիկային թատրոնի ներսում վաճառվում էին հեղինակ կատարողների ձայնասկավառակները, ինչպես նաեւ Ռուզաննա Պետրոսյանի «Արեւին», Կարեն Անտաշյանի «Անտաշատ», Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը», Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը», Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը» գրքերը, որոնցից ստացված հասույթը եւս փոխանցվելու է Էրիկին: Էրիկի բուժման համար մոտ 6 միլիոն դրամ է անհրաժեշտ: Արդեն հավաքվել է մոտ 2 միլիոնը: Միայն տոմսերի վաճառքից արդեն 300 հազար դրամ գոյացել է, իսկ թատրոնի սրահում դրված էին նաեւ տարաներ, որտեղ մարդիկ գումար էին գցում: