Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք
ՄԱԿ-ի մշակութային գործակալության (ՅՈւՆԵՍԿՕ) կողմից Երեւանը հայտարարվել է 2012թ. գրքերի համաշխարհային մայրաքաղաք: Երեւանը հայտը ներկայացրել է առաջին անգամ ու միանգամից արժանացել այդ կոչմանը: Այս ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2001 թվականից, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ում միտք է առաջացել աշխարհում ընտրել գրքի մի քաղաք, որտեղ մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Եւ ամեն տարի աշխարհում մի որեւէ  քաղաք, որը հայտ է ներկայացնում, ճանաչվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մինչ Երեւանը, այդ պատվին արժանացել են Մադրիդը, Ալեքսանդրիան, Մոնրեալը, Թուրինը, Ամստերդամը, Բուենոս Այրեսը եւ այլն: 2001 թվականից ամեն տարի հավաքվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը, հրատարակիչների միջազգային ասոցիացիայից մի հոգի, գրավաճառների միջազգային ասոցիացիայի նախագահը եւ գրադարանավարների միջազգային ասոցիացիայի նախագահը: Ուսումնասիրում են ներկայացված հայտերը ու առաջադրված քաղաքներից մեկը ճանաչում են տարվա գրքի մայրաքաղաք: "Քաղաքի ընտրությունը կախված է հայտի բովանդակությունից, որտեղ նշվում են ամբողջ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումները: Հատկապես նայում են, թե բազմակողմանիությունը որքանով է ապահովված, հասարակության բոլոր խավերը որքանով են ներգրավված այդ ծրագրում, ինչքանով է կարեւորություն տրվում խոսքի ազատությանը, կամ ինչ ծրագրեր կան, որոնք նպաստում են ընթերցանությանը",-ասաց մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը: 2012 թվականի ապրիլի 23-ից՝ Գրքի եւ հեղինակային իրավունքի օրվանից այս ծրագիրը կմեկնարկի: Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով՝ նախատեսվում են շատ հետաքրքիր միջոցառումներ: "Ծրագիրը ներկայացնում է տարվա ընթացքում նախատեսվող բոլոր միջոցառումները` ցուցահանդեսներ, մրցույթներ, երեխաների համար ընթերցանության փառատոններ, շարադրությունների մրցույթներ եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնցում ներգրավված են լինելու մասնակիցներ թե Երեւանից, թե Երեւանից դուրս":



Իսկ թե ինչպես կամ ինչ միջոցներով են պատրաստվում նպաստել ընթերցանության զարգացմանը, Տեր-Վարդանյանը դժվարացավ պատասխանել. "Գիտեք, դա շատ լուրջ խնդիր է: Այստեղ հասարակության մտածողության, մոտեցման խնդիրը կա: Պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել հասարակության մեջ հոգեբանորեն ընթերցանության հանդեպ սերը վերականգնելու համար: Այսինքն դա կարող է լինել սոցիալական ռոլիկներից սկսած, վերջացրած անվճար գիրք բաժանելով ու հազար տեսակի այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն ընթերցանության զարգացմանը":



Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր նախատեսվող ծրագրերը, թե որ ամսին, որ օրը ինչ միջոցառում է կազմակերպվելու:  Ծրագիրն իրականացնում են ամբողջ երկրի գրքին առնչվող բոլոր կազմակերպությունները, հասարակական կազմակերպություններ, գրադարաններ, գրախանութներ, գրողների միությունը եւ շատ ուրիշ կազմակերպություններ, որոնք մեծ հաճույքով են համաձայնել մասնակցել այս ծրագրին:



Ծրագիրը նախատեսում է նաեւ մեծ ֆինանսական միջոցներ: "Ֆինանսական միջոցները ՅՈւՆԵՍԿՕ-ն չի տրամադրում, ՅՈւՆԵՍԿՕ-ն միայն կոչումն է շնորհում, իսկ միջոցները տալիս է տվյալ երկիրը, իր միջոցները մոբիլիզացնում է այդ տեսակ ծրագրեր իրականացնելու համար: Կարող են օգնել նաեւ միջազգային կազմակերպություններ, հովանավորներ",- ասաց մշակույթի նախարարի խորհրդականը: Իսկ թե ով է տնօրինելու այդ գումարները եւ իրականացնելու ծրագիրը` դեռեւս պարզ չէ:



Միջոցառումն իրականացվելու է Երեւանում, քանի որ հենց Երեւանն է ճանաչվել գրքի համաշխարհային մայրաքաղաք, բայց ներառելու է նաեւ մարզային բնակչությանը: