Մեկը մեկից աղետալի վիճակում

Մեկը մեկից աղետալի վիճակում
Շիրակի մարզպետն այս անգամ աշխատանքային այցով Մարալիկում  էր: Զգացվում էր, որ Աշոտ Գիզիրյանի հետ հանդիպմանը երկար էին նախապատրաստվել: Մարալիկի քաղաքապետն օրինակ՝ գրեթե անգիր էր արել զեկույցը եւ մի շնչով արտասանեց այն: 1962 թվականին քաղաքի կարգավիճակ ստացած Մարալիկում խնդիրներն այնքան շատ են, կարծես դրանցով ոչ ոք երբեք չի էլ զբաղվել: Էլ ջրամատակարարման, էլ բնակարանաշինության, էլ ասֆալտապատման, էլ լուսավորության: Մարզպետին գոհացրեց քաղաքապետ Արտակ Գեւորգյանի պատրաստվածությունը, եւ նա հրամայեց անցնել բուն խնդրին: 7 հազար 700 բնակչություն ունեցող Մարալիկում պարզվում է՝ մի հիվանդանոց կա, սակայն դրա ճակատագիրը վտանգված է: Այս խնդրի համար հրավիրվել էին առողջապահության նախարարության մասնագետները   ու որոշում էին ինչ անել: Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանցյանը պատճառաբանեց. "Մի ամբողջ բաժանմունք ընդամենը 2 հիվանդի համար միջին ծանրաբեռնվածությամբ չի կարող գործել: Վիրաբուժական բաժանմունքը 2009 թվականին ունեցել է 2,4 հիվանդ, իսկ 2010-ին՝ 1,5 հիվանդ: Եղածներն էլ կույր աղիքի հիվանդներ էին": Մարզպետը հրահանգեց տեղում ուսումնասիրություներ կատարել եւ ինքն անձամբ գնաց հիվանդանոց: Մարալիկցիները հարձակվեցին մարզպետի վրա. "Հիվանդանոցը հանկարծ չփակեք, մենք ի վիճակի չենք Գյումրի կամ Արթիկ հասնելու": Հիվանդանոցի հարցը կրկին մնաց անորոշության մեջ:



Անժելա

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ