Ողջամիտ որոշում

Ողջամիտ որոշում
Երեկ "Ֆեյսբուքում" հայտնվել էր "Տրոյկա դիալոգի" նախագահ Ռուբեն Վարդանյանի եւ "Դիլիջան" դպրոցի մյուս նախաձեռնող Վերոնիկա Զոնաբենդի բաց նամակը՝ ուղղված Հանրային խորհրդին: Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը, մենք որոշեցինք նամակը որոշ կրճատումներով տպագրել (էջ 5): Այն բավական ուշագրավ է եւ անկեղծ: Տեղ-տեղ՝ անգամ համոզիչ: Եւ ես ուրախ եմ, որ երկու ամիս շարունակ օտարալեզու դպրոցների հակառակորդների տեսակետները տպագրելուց հետո այժմ հնարավորություն ունենք ներկայացնել նաեւ նախագծի հեղինակների կարծիքը: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մինչ օրս հնչած պաշտպանական փաստարկները շատ թույլ են եղել ու անհամոզիչ: Ամեն դեպքում, հանրությունը պետք է ծանոթանա նաեւ այս տեսակետին: Այլ խնդիր է, թե այն որքանով կազդի հասարակական կարծիքի վրա: Ես ուրախ եմ, որ նախագծի հեղինակները ողջամիտ են գտնվել եւ հիմնավորելով հանդերձ իրենց կարծիքը, որոշում են կայացրել նախագիծը հետ կանչելու մասին: Իսկապես, նման դիմադրության պայմաններում ոչ մի գործ հաջողությամբ չի պսակվի: Ինչպես մենք՝ հայերս ենք ասում, այդ գործն արդեն ի սկզբանե "նավսված էր": Մյուս կողմից, չի բացառվում նաեւ, որ նախագծի հեղինակներին մեր իշխանությունն է "խնդրել" նման քայլ անել: Այս դիմադրությունը կարող էր վերջ չունենալ եւ կարող էր բումերանգով հարվածել նրան՝ շատ անսպասելի տեղում ու ժամանակ: Ամեն դեպքում, նամակը մտահղացած անձանց կարելի է ողջունել՝ նման բացառիկ քայլի համար: Բայց հատկապես պետք է շնորհավորել նրանց, ովքեր պայքարի կամք ցուցաբերեցին եւ ստիպեցին նահանջել ուժի ու հաստատակամության առաջ: Նման հաղթանակներն են ձեւավորում քաղաքացիական հասարակությունը: Իսկ հաղթողները պայքարի էստաֆետն այլեւս բաց չեն թողնի: