Տղերքի դատը սկսվեց

Տղերքի դատը սկսվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Գործը քննում է մարտի 1-ի գործերով հմտացած Մնացական Մարտիրոսյանը: Դատական նիստի հենց սկզբում երիտասարդների պաշտպան Մելանյա Առուստամյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին` պատճառաբանելով, որ նա չի կարող անաչառ լինել: Ինքն իր հետ խորհրդակցական սենյակում մեկ ժամ մնալուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է մերժել միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին, ժամը 10-ին: Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել էին մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մերձակա տարածքից, հունիսի 3-ին Անին եւ Սարգիսն ազատ էին արձակվել, իսկ դատավարության նախօրեին՝ հուլիսի 2-ին, Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ ազատ արձակվեց նաեւ Դավիթ Քիրամիջյանը: Նկատենք, որ այս որոշումից մոտ 10 օր առաջ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ էր նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: Մեզ հասած տեղեկություններով, մեծ մասամբ նրա ջանքերով է փոխվել Քիրամիջյանի կալանք խափանման միջոցը, չնայած դատախազությունը դրան խիստ դեմ է եղել եւ ամեն ինչ արել է, որ կալանքը դատավարության ժամանակ մնա ուժի մեջ: Ի դեպ, Անի Գեւորգյանի մասն այս գործից անջատվել է եւ քննվում է այլ վարույթով: