Արարատի մարզն ապահովիկացնո՞ւմ են

Արարատի մարզն ապահովիկացնո՞ւմ են
Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հրաժարականի հարցը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախագահականում որոշվել է անցած շաբաթ. մարզպետի պաշտոնի թեկնածու նախկին ոստիկան, ՆԳ նախկին փոխնախարար ու Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) կանչվել է նախագահական ու այդ մասին տեղեկացվել է: Փոխարենն այսօր կառավարության նիստում պաշտոնանկ արվող մարզպետ Վարդգես Հովակիմյանի հրաժարականն իր համար անսպասելի է եղել. մարզպետին վերջին պահին են ասել, որ պետք է հրաժարականի դիմում գրի: Հայտնի է, որ Արարատի արդեն նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Արարատի մարզի կալվածատեր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ճիշտ է, վերջին շրջանում տեղեկություններ կային, որ Հովակիմյանն ավելի շատ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մարդն է, սակայն իրականում նա իր պաշտոնավարման ընթացքում Հովիկ Աբրահամյանի որեւէ գործարքի դեմ չի գնացել: Հայտնի է նաեւ, որ Արտաշատի սրճարաններից մեկում "զինծառայություն" անցնող նրա զինվոր որդին վերջերս ծեծկռտուք էր կազմակերպել, որի մասին գրեց մամուլը: Սակայն եթե նման միջադեպերը պաշտոնանկության պատճառ հանդիսանային, թերեւս շատերը չպիտի պաշտոնավարեին: Իրականում Արարատի մարզը Հովիկ Աբրահամյանից խլելու ծրագիր է իրականանում, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ չտրվի, որ Ծառուկյան-Աբրահամյան տանդեմը լուրջ լծակներ ունենա: Ճիշտ է՝ ԱԺ նախագահն ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանին ապացուցելու համար, որ պատրաստ է հլու-հնազանդ ծառայել նրան, սակայն թերեւս նրան չեն վստահում: ՀՀԿ-ն խնդիր է դրել 50 տոկոսից ավելի ձայն ունենալ խորհրդարանում, որն էլ, ըստ հանրապետականների, պիտի ապահովի ՀՀԿ թեկնածուի հաղթանակը նախագահի ընտրություններում: Իսկ մարզպետները ընտրական գործընթացների հիմնասյուներ են՝ իշխանական թեկնածուների համար ձայներ ապահովելու առումով: Թերեւս ոստիկան, ՆԳ նախկին փոխնախարար գնդապետը մարզ է գնում նույն առաքելությամբ, որով ուղարկվեց նույնպես նախկին ոստիկան Աշոտ Գիզիրյանը. իր ձեռքը հավաքելու վարչական ռեսուրսը եւ մարզը նախապատրաստելու ընտրություններին: Թեեւ այս պարագայում ավելի դժվար է լինելու, հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի՝ մարզում  ունեցած ազդեցությունը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը ցանկացել է մարզպետի պաշտոնում տեսնել իր եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ու փաստորեն նման պատասխան է ստացել: Ուշագրավ է նաեւ, որ Արարատի մարզպետի պաշտոնանկությունը եղել է Բելգիայում ԱԺ նախագահի հանդիպումների ժամանակ. փաստորեն, մինչ Հովիկ Աբրահամյանը Բելգիայում ազգանվեր հայտարարություններ էր անում ու զբաղվում մեծ քաղաքականությամբ, նրանից այստեղ խլում են հարազատ մարզը: Կիրակի օրը Արարատի մարզպետի թեկնածու, ծնունդով կապանցի ոստիկան Էդիկ Բարսեղյանը, որին նաեւ Լոնդիկ են անվանում, եւ որն իր կարիերան սկսել է ավտոտեսուչի պաշտոնից, Կապանի Վահանավանք հանգստավայրի ճանապարհին գտնվող իր ամառանոցում մեծ խնջույք է կազմակերպել, հրավիրել բոլոր ծանոթներին, բարեկամներին ու ճոխ սեղանի շուրջ մեծ ուրախությամբ ազդարարել, որ իրեն նշանակում են Արարատի մարզպետ: Լոնդիկը նաեւ ասել է, որ իշխանությունն իրեն է վստահել մարզը փրկելու գործը, դա է եղել մարզը փրկելու ելքը: Թե ումից կամ ինչից է փրկելու մարզը Էդիկ Բարսեղյանը, թերեւս պարզ է: Բարսեղյանը նաեւ ասել է, թե իրեն դժվարություններ են սպասվում մարզում: Մարզպետ դառնալու մասին նրան տեղեկացրել են դեռ անցյալ շաբաթ՝ նախագահականում ունեցած հանդիպման ժամանակ: Սեղանի շուրջ Բարսեղյանը նաեւ ասել է, թե ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Հովիկ Աբրահամյանի հետ ու թե նրան է խնդրել իր համար միջնորդել: Թերեւս սա ասվել է որպես շիրմա: Նա նաեւ ասել է, որ խնդիրներ է ունեցել ու յոլա չի գնացել նախկին փոխոստիկանապետ, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ դարձած Արմեն Երիցյանի հետ: Սեղանի շուրջ Էդիկ Բարսեղյանը նաեւ հայտարարել է, որ երբեք ԲՀԿ-ական չի եղել, ու որ նման լուրեր տարածում են իրեն անվանարկելու համար: Նա հայտարարել է, որ միշտ եղել է իշխանությունների կողքին:



Իրոք որ՝ էդիկ Բարսեղյանը մշտապես եղել է իշխանությունների կողքին: Նրա անունը ժամանակին շրջանառվում էր Ռոբերտ Քոչարյանի համար իշխանություն ապահովածների շարքում՝ ընտրախախտումների մասով: Այսօր հասկանալով, որ անցել են Քոչարյանի ժամանակները, Լոնդիկը շտապել է անդամագրության դիմում ներկայացնել ՀՀԿ: Իսկ շրջապատում պարբերաբար հավատարմության երդում է տալիս Սերժ Սարգսյանին, թե՝ ոնց ասի, նենց կանեմ: