45 տարում 14 մահվան դեպք է գրանցվել

45 տարում 14 մահվան դեպք է գրանցվել
Վանաձորում շատ քիչ են հանգստի վայրերը: Շոգերն ընկնելուն պես Վանաձորի երիտասարդությունը նախընտրում է հանգստանալ Վանաձորի արհեստական լճում, որը ստեղծվել է 1965 թվականին: Լճի խորությունը հասնում է 4,60 սմ-ի, հանգստի համար տարածքը թեեւ հրաշալի վայր է, սակայն քաղաքացիներն ապահովագրված չեն դժբախտ պատահարներից եւ տարբեր տիպի ինֆեկցիաներից: Վերջինից խուսափելու համար սեզոնն սկսվելուն պես արգելում են լճում լողալը` պատճառաբանելով ջրի հակասանիտարական վիճակը: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց. "Նախ, մինչեւ լիճը լցնելը հետեւում ենք նախապատրաստական բոլոր աշխատանքներին. լճի հատակը մաքրվում է, լվացվում, տիղմը հանվում է եւ միայն նոր ջուրը լցվում": Մարզի գլխավոր համաճարակաբանը խոսեց նաեւ ջրի մանրէաբանական հետազոտության մասին: "Լճի ջուրը վատ ջուր է, լողալու համար խորհուրդ չենք տալիս: Լողալ կարելի է այն ջրերում, որտեղ վարակիչ հիվանդությունների վտանգ չկա, բայց այստեղ մանրէաբանական շեղումներ կան, հետեւաբար լողալ չի թույլատրվում",- նշում է նա ու պնդում, որ այդ մասին իրենք գրավոր տեղյակ են պահել տնտեսվարողին: Թեպետ Կարինե Միրզոյանը վստահեցնում է,  որ սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ խիստ վերահսկողություն է տարվում, սակայն չի ժխտում, որ "թեպետ այս պահին ջրում բացակայում է խոլերայի հարուցիչը, սակայն մյուս աղիքային ինֆեկցիաներից լիճն ապահովագրված չէ": Լսեցինք նաեւ "Ազատամարտիկ Պարգեւ" ՍՊԸ տնօրեն Պատվական Թորոսյանի կարծիքը, որը տնօրինում է այս տարածքը: Նա նախ կտրականապես հերքեց ջրի աղտոտվածության մասին լուրերը, իսկ ՊՀՀ Լոռու մարզային կենտրոնի թույլտվությունն ունե՞ն, նա պատասխանեց. "Հենց հունիսի 20-ին ենք ստացել սանէպիդկայանի դրական եզրակացությունը՝ կապված ջրի որակի հետ":



Ջրի մաքրությունը արհեստական լճի միակ խնդիրը չէ, լճում գրանցվում են նաեւ դժբախտ պատահարներ` ջրահեղձությունից մինչեւ ինքնասպանության դեպքեր: 1965 թվականից առայսօր լճում գրանցվել է 14 մահվան դեպք, որից 7-ը՝ գիշերը, մյուս 7-ը` ցերեկը, աշխատանքային ժամերին: Վերջին դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, ժամը 15:45-ին: Լճում խեղդվողը եղել է 16-ամյա երիտասարդ, որը, ցատկելով ցանկապատի վրայից 1,50 սմ խորության վրա, մահացել է: Տնտեսվարողի հավաստիացմամբ՝ փրկարարը խեղդվողին է հասել 1 րոպեի ընթացքում, հանելով ջրից, ցույց է տրվել անհրաժեշտ առաջին բուժօգնություն. "Կատարվել է ջրահեռացում, տրվել է արհեստական շնչառություն, որից հետո տաքսիով տեղափոխվել է շտապօգնության ավտո ու ճանապարհին հանձնել նրանց, որտեղ եւ գրանցել են մահը": Պ. Թորոսյանը կասկածներ ունի, որ երիտասարդը ոչ թե խեղդվել է, այլ ստացել է մեխանիկական վնասվածք. "Հնարավոր է, որ գլխով խփել է հատակին": Այս դեպքը նա գնահատում է որպես անփութության հետեւանք: Հարցրինք, թե ինչու չեն ուժեղացնում անվտանգությունը, նա պատասխանեց. "Կարմիր գիծը քաշած է, աշխատում ենք դրանից էս կողմ լողը թույլ չտալ, իսկ ինչ վերաբերում է ցանկապատից թռնելուն, դա ուղղակի ցուցադրական է արվում, իրանք պտի հասկանան":



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր