Կադրերն են որոշում

Կադրերն են որոշում
Կադրային քաղաքականությունը մեր երկրում միշտ էլ եղել է խոցելի: Մեր իշխանությունները վերջին 20 տարում ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, գռփող-թալանող պաշտոնյաների նշանակելու մեծ ավանդույթ են մշակել: Այնպես որ, հասարակությունն էլ մի տեսակ հաշտվել է անհեթեթ ու իրենց աթոռը վարկաբեկող պաշտոնավորների գոյության իրողության հետ: Եւ դրա պատճառն այն է, որ որեւէ մեկին նշանակելիս առաջնորդվում են նախեւառաջ հավատարմության սկզբունքով: Պրոֆեսիոնալիզմն ու օգտակարությունը մղվել են երկրորդ պլան: Միայն այս սկզբունքով առաջնորդվելու պարագայում էր հնարավոր հայտնի Լոնդիկի՝ Էդիկ Բարսեղյանի նշանակումը: 63-ամյա նախկին ոստիկանին Արարատի մարզպետ նշանակելու համար պետք է շատ մեծ լավատես լինես: Կամ էլ առաջնորդվել "ինչքան վատ, այնքան լավ" սկզբունքով: Իր կյանքի մեծ մասը նախորդ դարում ապրած, նախկին հասարակարգում ձեւավորված, հին ու իր դարն ապրած հայացքներ ունեցող այս անձն ինչո՞վ կարող է օգտակար լինել իր երկրին ու կոնկրետ այդ մարզին: Ի՞նչ բարեփոխումներ կարող է իրականացնել եւ ընդհանրապես՝ ղեկավարի այդ ի՞նչ որակներ է դրսեւորելու, որ նախկինը չուներ: Չէ, անշուշտ, եթե առաջ գնալու, զարգանալու, բարեկեցիկ ապրելու եւ միջազգային ստանդարտներին հասնելու խնդիր չենք դրել մեր առաջ, ապա նորմալ է լոնդիկների նշանակումը: Նրանք, իհարկե, լավ ենթականեր են՝ հլու-հնազանդ ու անպրոբլեմ: Նաեւ կարող են իրենց նշանակողների համար կյանքը տալ, էլ չենք խոսում ընտրակեղծիքների ու բազում մանր-մունր ծառայությունների մասին: Իսկ ինչո՞ւ կյանքը չտան՝ ուրիշ ո՞վ կարող էր թոշակի տարիքի մարդուն մի ամբողջ մարզ վստահել, տանել-նստեցնել բարձր աթոռին՝ ծառայողական մեքենայով, քարտուղարուհիով, բարձր աշխատավարձով: