Դիմում չի եղել

Դիմում չի եղել
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն հայտարարել է, թե Կարմիր խաչի ջանքերը՝ ստանալ հունիսի 18-ի Չայլուի միջադեպի արդյունքում սպանված Իբրահիմովի դին, ապարդյուն են անցնում. Հայաստանը պատճառաբանում է, թե դին չի գտնվում ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ "զոհված զինվորի" դին պետք է կարճ ժամանակում վերադարձվի: "Ադրբեջանն իր հերթական ստահոդ լուրն է տարածում: Դա բացարձակ ապատեղեկատվություն է",- ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսպես մեկնաբանեցին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ադրբեջանցի զինվոր Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության դիմումին հայկական կողմը պատասխան է տվել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պատասխան նամակի բովանդակության մասին տեղեկացված են միայն Ադրբեջանի ղեկավարությունն ու Իբրահիմովի ընտանիքի անդամները: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից շեշտեցին, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես պետք է դիմի Հայաստանի ՊՆ-ին՝ Կարմիր խաչի միջոցով, սակայն առայսօր նման դիմում չի եղել: