Ալմաթիի հանդիպումից Արցախում սպասելիքներ չկան

Ալմաթիի հանդիպումից Արցախում սպասելիքներ չկան
Ալմաթիում հուլիսի 16-17-ին կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հանդիպման նախօրեին որոշեցինք լսել Արցախի քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր այսպիսի հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումներից, եւ, բնականաբար, այդ հանդիպումներից հետո էլ` թե Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ: Հայաստանցիները չեն ուզում հասկանալ, որ Արցախում ընդհանրապես ոչինչ չեն մտածում այդ հանդիպման մասին, այնպես, ինչպես երկու, երեք կամ հինգ տարի առաջ ոչինչ չէին մտածում արդեն պատմության գիրկն անցած նախորդ բոլոր հանդիպումների մասին։



Դրա պատճառները շատ են եւ տարբեր՝ Արցախի ժողովուրդը, անգամ բազմաթիվ պաշտոնյաներ, շատ քիչ են տեղեկացված։ Լավագույն դեպքում գիտեն այն, ինչ մատուցում են հայաստանյան եւ տեղական պաշտոնական ԶԼՄ-ները։ Բայց սա ընդամենը երկրորդական պատճառ է։ Նրանց այդ հանդիպումները պարզապես չեն հետաքրքրում արցախցիներին։ Դա լավ է թե վատ՝ միանգամյան այլ հարց է, եւ դրա պատճառները նույնպես շատ են։ Օրինակ, ինձ եւ իմ գաղափարակիցներին ղարաբաղյան խնդրի կարգավորման անվան տակ տարվող այդ հանդիպումները չեն հետաքրքրում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք պարապ ժամանց են, ոչ մի առնչություն չունեն խնդրի իրական կարգավորման հետ։ Ինքնասիրության խնդիր էլ կա. անձամբ ես եւ հարյուրավոր իմ ընկերներն ու բարեկամները ՀՀ-ում ոչ մեկին չենք լիազորել որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Մեր երկիրը եւս ՀՀ այս կամ այն ղեկավարին չի լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում անգամ այդ պարոնները չեն կարող ստորագրել փաստաթուղթ, որ անընդունելի լինի Արցախի համար։ Բայց ոչ այն պատճառով, որ դա կլինի Արցախի վերջի սկիզբը, այլ դա կլինի իրենց՝ ստորագրողների վերջը։



Անշուշտ, ցանկալի է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցող այդ պարոնները դիլետանտ չլինեին, որքա՜ն լավ կլիներ, որ հայ դիվանագիտությունը երկչոտ ու գետնաքարշ չլիներ, բարձրագույն պաշտոնյաները նախ մտածեին երկրի, ապա հետո միայն իրենց աթոռի ու գրպանի մասին։ Մյուս կողմից՝ կցանկանայի, որ Արցախի քաղաքական վերնախավը զարգացումներին նայեր ոչ դիտորդի կարգավիճակով, հանդես գար հաղթող երկրին վայել կոշտ հայտարարություններով... Բայց, ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք...



Այնուամենայնիվ, խոսքերիս ճշտությունը ստուգելու համար փորձեցի լսել իմ հայրենակիցներից մի քանիսի կարծիքը Ալմաթիում կայանալիք վերոհիշյալ հանդիպման վերաբերյալ։



Ա. Գրիգորյան (50-ն անց մանկավարժ) - Մի տասը տարի կլինի, այդ մարդիկ հանդիպում են։ Ռոբերտ Քոչարյանն էր հանդիպում, զրուցում Հեյդար Ալիեւի հետ։ Մի բան փոխեցի՞ն։ Նրանցից հետո սրանք՝ Սարգսյանն ու Ալիեւի տղան են հանդիպում։ Նրանցից հետո ուրիշներն են հանդիպելու... Մի բան ասեմ՝ քանի մենք թույլ ենք, թուրքը միշտ աչք է ունենալու մեր հողի վրա։ Էդ հանդիպումների փոխարեն թող աշխատատեղ բացեն, երկիրը հզորացնեն, պայմաններ ստեղծեն, որ արտագաղթածները ետ գան...



Կարինե (3-րդ կուրսի ուսանողուհի) - Այդ հանդիպման մասին չգիտեի։ Մեր հարցն են քննարկելո՞ւ։ Հնգակողմ հանդիպո՞ւմ է... Արդեն Ղարաբաղն է՞լ է մասնակցելու... Չէ՞... Առանց մեզ նորից ուզում են մեր հարցը լուծե՞ն... Չգիտեմ, իմ կարծիքով՝ բան չի ստացվելու։



Արմեն Հարությունյան (35 տարեկան, նախկին ազատամարտիկ) - Ես ռեալիստ մարդ եմ։ Ընդունում եմ այն, ինչ կա, ինչ տեսնում եմ... Արդեն մի 20 տարի կա, չէ՞, որ մենք պետություն ունենք, պատերազմում հաղթել ենք, նորից նախագահ ենք ընտրել, վերջերս նորից պատգամավորներ ենք ընտրել... Չեմ հասկանում, էդ Ալմաթիում ի՞նչ պիտի որոշեն... Մի բան էլ՝ ուրիշնե՞րը պիտի իմ երեխաների, ընտանիքի, իմ երկրի հարցը լուծեն։ Երբ թուրքերն ավերում էին Ստեփանակերտը, սպանում խաղաղ մարդկանց, էդ "հարց լուծողները" որտե՞ղ էին, ինչո՞ւ ծպուտ չէին հանում:



Ալմաթիում կայանալիք վերոհիշյալ հանդիպման մասին փորձեցի լսել նաեւ ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության ղեկավար, քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքը։ "Այդ հանդիպումից նոր բան չեմ սպասում,- ասաց նա,- դրա հավանականությունը շատ քիչ է, հատկապես Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո, որ իբր Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն եւ այլն, լուրջ չէ նոր ինչ-որ դրական տեղաշարժ սպասել Ալմաթիի հանդիպումից"։



Վարդգես ՕՎՅԱՆ