Հանդիպումն անպտուղ չի լինի

Հանդիպումն անպտուղ չի լինի
Նախ  ուզում եմ ասել, որ ավելի լավ է հանդիպել, այլ ոչ թե պատերազմել: Ցանկացած դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումները պետք է դիտել որպես դրական գործընթաց: Բայց պարզ է, որ Ալմաթիում առաջիկա հանդիպումն ինչ-որ նոր կոնտեքստով է ընթանալու: Չի բացառվում, որ Ալմաթիում նաեւ լինեն Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, որքան տեղյակ եմ՝ նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ լուրջ պրոցես է գնում Ղարաբաղի խնդրի հետ կապված: Չեմ կարծում, որ վերջնական որոշումներ կընդունվեն կամ փաստաթուղթ կստորագրվի, բայց այնուամենայնիվ կասկած չունեմ, որ բավականին լուրջ բանակցություններ կընթանան: Ես կարծում եմ, որ  բանակցություններում Ադրբեջանը գլխավոր ակցենտը դնելու է այն խնդրի վրա, որ հանրաքվե անցկացնելու  իրավունքը, որն ապագայում պետք է տրվի Ղարաբաղի հայերին՝ որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կամ թուլացվի կամ հետաձգվի: Դատելով Ադրբեջանի հայտարարություններից՝ իրենց գլխավոր առարկությունները հենց այս կետի շուրջ են: Եթե դուք նկատել եք, վերջին շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից բազմաթիվ հայտարարություններ են արվում, թե քննարկվում է տարածքների վերադարձի հարցը, թե ինչ հերթականությամբ պետք է դրանք ազատել եւ այլն: Պարզ է, որ ադրբեջանական կողմն ու Թուրքիան այս բանակցային  պրոցեսում շեշտը դնելու են իրենց հուզող այդ կետերի վրա: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ընդհանրապես անիմաստ է խոսել նույնիսկ մեկ գյուղի հանձնման կամ վերադարձի մասին առանց այլ հարցերի հստակեցման: Առանց այն հարցի, որ պետք է ապահովվի Ղարաբաղի անվտանգությունը, առանց այն հարցի, թե ինչ է նշանակում Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը: Հասկանալի է, որ դա փաթեթ է, եւ բոլոր գլխավոր հարցերը պետք է քննարկվեն միասին: Թե ինչպես է իրականացվելու այս ամենը եւ ով է լինելու դրա իրականացման երաշխավորը, այլ,  առանձին եւ շատ կարեւոր խնդիր է: Բայց այսօր, բանակցային այս փուլում անիմաստ է խոսել  զիջումների մասին՝ առանց ճշտելու այդ երկու կարեւորագույն հարցերը: Ես չեմ  կարծում, որ Ալմաթիում հանդիպումը հերթական հանդիպումների շարքից է եւ անպտուղ կանցնի: Ակնհայտ է, որ եթե հանդիպմանը մասնակցելու են համանախագահող երկրների արտգործնախարարները, ի սկզբանե կարելի է ասել, որ  այդ հանդիպումը կարեւոր է: Նշանակություն չունի՝ կպսակվեն ինչ-որ լուրջ քայլով այդ բանակցություները թե ոչ, կարեւորն այն է, որ երկրագնդի երեք հզոր երկրները շատ ուշադիր հետեւում են այդ գործընթացին, ունեն իրենց հետաքրքրություններն ու դրա համար էլ հավաքվում են: Ես չեմ կարծում, որ այդ երեք պետությունները շատ են շտապում լուծել Ղարաբաղի հարցը կամ արհեստական արագացնում են հարցի լուծումը,  բայց ակնհայտ է, որ նրանց հետաքրքրության աստիճանը շատ բարձր է:



Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ

քաղաքագետ