ՍԴՀԿ-ն սկսել է շնչել

ՍԴՀԿ-ն սկսել է շնչել
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անջատված թեւը վերջերս ակտիվացել է, մարզերում գրասենյակներ է բացում,  այցելություններ ու հանդիպումներ կազմակերպում տեղի բնակչության հետ: Կուսակցությունից վստահեցնում են, թե նույնիսկ ՍԴՀԿ շարքերն են համալրվում: Ու թեեւ այս օրերին դատը տանուլ տվեցին Լյուդմիլա Սարգսյանի թեւին՝ դատարանը որոշեց, որ կուսակցության կնիքը պետք է մնա Լյուդմիլա Սարգսյանի ձեռքում, սակայն նույն ոգով շարունակում են աշխատել: Թե երկու թեւերն այդպես զուգահեռ ուր են հասնելու, փորձեցինք պարզել ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանից:



- Պարոն Շիրխանյան, երկու թեւի բաժանված՝ մինչեւ ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս պետք է լուծվի հարցը:



- Ցավոք, եթե վերցնենք ձեւական կողմը, Հայաստանում ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք միավորներ կան, որոնք իրենց հնչակյան են համարում: Տվյալ դեպքում ուղղակի կամակորության արդյունք է, մարդը չի ուզում ընդունել փաստը, որ հեռացված է կուսակցությունից, այն էլ ոչ թե իր նշած երիտասարդների, այլ հնչակյանների կողմից: Ետդարձ չունի ինքը, որովհետեւ իր թույլ տված արարքները չեն կարող անտեսվել, ու ինքը վերականգնվի կուսակցության շարքերում, երկրորդը՝ վատ է, որ մայր կուսակցությունը դառնում է պատանդ կամակորության ու շուստրիության ձեռքում: Մեր անցած հինգ տարիները եղել են կորստի տարիներ, ես երկու տարի է, որ հնչակյան եմ, իսկ տղաները նույնիսկ չեն իմացել ինչ է կատարվել կուսակցությունում:



- Բայց տիկին Սարգսյանը պնդում է, որ բոլորն էլ տեղյակ էին, թե ինչ էր կատարվում կուսակցությունում, համագումար չէր լինում միջոցների բացակայության պատճառով, նույնիսկ  Սեդրակ Աճեմյանն է միջամտել, որպեսզի երկարաձգվի:



- Ինքը կարող է ասել ամեն ինչ: Նա ասում է, որովհետեւ ուրիշ ասելիք չունի, ես չեմ ուզում խորանամ, ուղղակի հինգ տարի քայքայվել են կուսակցության բոլոր կառույցները, մնացել է երկու կառույց: Ես համարում եմ, որ հնչակյան վեճն ավարտվել է 10 ամիս առաջ:



- Տիկին Սարգսյանը լուրջ հայտարարություն է արել, ըստ որի՝ բարձրաստիճանների հետ է հանդիպել, որոնք լուրջ փորձեր են արել կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս բերելու: Դուք տեղյակ չե՞ք, որ նման բան է եղել:



- Ես տեղյակ չեմ եղել, որ իրեն բարձրաստիճանների մակարդակով առաջարկ է եղել, նույնիսկ հանդիպել է, միայն երեկ այսքան բան լսելով՝ ես հասկացա, թե դատավորն ինչու է կայացրել այս որոշումը:



- Ինչո՞ւ:



- Այսինքն՝ պայմանավորվածության արդյունքում դատավորը կայացնում է այս ծիծաղելի որոշումը:



- Ի՞նչ պայմանավորվածություն նկատի ունեք:



- Հետագայում կերեւան: Այս փոքր երկրում ինչ-որ բան գաղտնի պահել հնարավոր չէ:



- Բայց Դուք եք կասկածվում իշխանության հետ համագործակցելու մեջ:



- Տարածում են, թե ծախվածները մենք ենք, որ Գեւորգ Պերկուպերկյանին դրել ենք, իսկ հետագայում դառնալու է մեկ ուրիշը, որեւէ բան եղա՞վ, ոչ: Իշխանությունը մեր օգտին որոշում կայացրե՞ց, ոչ:  Բոլոր դեպքերում համարում են, որ դատարանները սխալ են, իսկ այս մի դեպքում համարում են, որ ճիշտ որոշում է կայացրել, ծիծաղելի է, ես չեմ ուզում մտնել այդ մանրուքների մեջ եւ ուրախ եմ, որ կուսակցությունն ազատվել է Լյուդմիլա Սարգսյանից:



- Կնիքն իր մոտ է, եւ ինքն է օրինական ատենապետը:



- Կնիքը ընդամենը գույք է, ինչպես իր սեղանն ու հեռուստացույցը, իսկ կուսակցության գաղափարախոսությունը աշխատանքի հիմքն է: Կուսակցությունն ազատվել է մի մարդուց, որը գաղափարախոսության ծրագրի հետ որեւէ կապ չունի:



- Ասում եք՝ գույք է, իր մոտ է, իսկ եթե դատական բոլոր ատյաններով այդ գույքը իր մոտ մնա, ի՞նչ եք պատրաստվում անել, նոր գո՞ւյք եք ձեռք բերելու, թե՞ երկու ՍԴՀԿ-ով եք գործելու:



- Սա Հնչակյան կուսակցությունն է եւ կգտնի լուծումներ, կարճ ժամանակում՝ մեկ-երկու տարի անց, Հայաստանում կլինի մեկ Հնչակյան կուսակցություն, մեր ներքին խնդիրն է, մենք ունենք մեր ծրագրերը եւ դրան հասնելու ենք: Մենք գտնում ենք, որ Հայաստանում ժողովրդի սպասած փոփոխությունները կարող են լինել միայն մի դեպքում, երբ որ լիբերալ համակարգից անցում կատարվի սոցիալ-դեմոկրատականի: Մենք գնում ենք այդ ճանապարհով, այն ՀԱԿ-ի համար նույնպես խորթ ճանապարհ է, մենք ասում ենք, որ խնդրի լուծումը ոչ թե հետեւանքի դեմ պայքարելն է, այլ պատճառի վերացումն է: Փոխում ես համակարգը, ու ժողովուրդը ստանում է արդյունքը:



- Ընդհանրապես Ձեր կուսակցությունը հիմա ինչո՞վ է զբաղված:



- Կուսակցությունն արդեն շնչում է, ոտքի է կանգնում, նոր շրջաններ է բացում, շարքերն է ընդլայնում:



- Պառակտումից հետո քանի՞ հոգի է ընդգրկվել ձեր շարքերը:



- Կուսակցությունը բացել է նոր շրջան Մասիսում, Արտաշատում, Մեղրիում էլ վերականգնվել է: Տասնյակ մարդիկ շրջաններում օծվել են: Հանդիպումներ են լինում, անձնական շփումներ են լինում ժողովրդի հետ, ձեւավորվում են խմբեր, որոնք այցելում են մարզեր եւ հանդիպում  ժողովրդի հետ՝ ներկայացնելով երկիրը ճգնաժամից դուրս հանելու կուսակցության մոտեցումը: Մենք ասում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի 15 տարի շարունակ: Պետք է փոխել համակարգը եւ իշխանության փիլիսոփայությունը:



- Ընտրությունների՞ն եք պատրաստվում:



- Հիմա կուսակցաշինական լուրջ աշխատանք է տարվում: Եթե մենք կարողացանք կուսակցությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ վստահ լինենք, որ մասնակցությունն արդյունք կտա, իհարկե, կմասնակցենք:



- Պարոն Շիրխանյան, ուրախությամբ ասում եք, որ կուսակցությունը շնչում է, գրասենյակներ եք բացում, իսկ ի՞նչ միջոցներով եք այս աշխատանքներն իրականացնում:



- Հավաքում ենք, կանոնադրությամբ սահմանված կարգով՝ անդամավճարներով, ինչպես նաեւ բարերարների աջակցությամբ:



ՀԳ - Խիստ զբաղված են նաեւ երիտասարդ հնչակյանները` պատրաստվում են իրենց կուսակցական բանակումին. օգոստոսի 3-8-ը Ծաղկաձորում կհամախմբվեն աշխարհասփյուռ հնչակյանները: