Բուռնաշի ոտը քարին է դեմ առել

Բուռնաշի ոտը քարին է դեմ առել
ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին  պատկանող "Հրազդան" տոնավաճառը, որ պատգամավորը ժամանակին "ջրի գնով" էր ձեռք բերել, վատ օրեր է ապրում: Տոնավաճառում տաղավարներն օր օրի դատարկվում են: Հունվարից այս կողմ դատարկ տաղավարների թիվն աճել է: Հագուստով լցված տաղավարներում էլ վաճառողները, ինչպես ժողովուրդը կասեր, "նստած թախտին, սպասում են բախտին": Խոսքն այս դեպքում հաճախորդի մասին է: "Առեւտուր չկա հիմա, նախկինում գոհ էինք, էլի լավ էր, ոչինչ: Հիմա էս կրիզիսը մի կողմից, ճանապարհների փակվելն էլ իրա հերթին... մարդ չի մտնում",-սրտնեղում է վաճառողներից մեկը՝ շարունակելով. "Մենք շատ ենք տուժվում, առեւտուր կա-չկա՝ տեղի փող պտի մուծենք: Ըստ մակերեսի չափում են, ըստ դոլարի կուրսի հաշվում: Մի 7-7,5 մետրի համար 247 հազար դրամ եմ մուծում: Լույսի ծախսը առանձին ա, զուգարանի համար 100 դրամ ենք տալիս, ամիսը 3 հազար հաշվապահին ենք տալիս, 5 հազար սոցվճարներ, 12-14 հազար էլ՝ հարկայինին: Տակը բան չի մնում": Գործընկերոջ "դարդը" ծանոթ է նաեւ մյուս զրուցակցիս. "Ահավոր վատ է վիճակը, ապրանքը վաճառում ենք, հազիվ-հազիվ տեղի փող ենք տալիս: Տարբեր չափեր ա, մերը մի քիչ փոքր է՝ 147 հազար ենք վճարում, դրան ավելացրած հարկայինի ու սոցիալականի գումարները: Առեւտուր չկա, ճանապարհներն էլ վերանորոգում են, բայց թե դրանից առաջ էլ մի բան չէր, ուղղակի չգիտենք էս ապրանքը ուր տանենք, 65 հազար դրամանոց շորը 25 հազարով տալիս ենք, ապրանքից պրծնենք, գնանք": Տոնավաճառում տաղավարներ զբաղեցրած վաճառողների մեծ մասը, այսպես ասած, վարկով է աշխատում: Բանկերից գումար են վերցրել ապրանք գնել եւ քանի որ առեւտուրը "մեռած" է, իսկ վարձակալության գումարներն էլ բավականին թանկ  են (մեկ քառակուսի մետրի համար վճարում են  40 ԱՄՆ դոլար), ստիպված են իրենց չնչին եկամուտների հաշվին այդ ամենի տակից դուրս գալ: Վաճառողներից մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ եթե նախկինում ամսվա մեջ 2-3 անգամ էին Թուրքիա գնում ապրանք բերելու, այժմ՝ տարին 2 անգամ: Եթե կարողանան վաճառել արդեն ձեռք բերված հագուստեղենը, իրենց տաղավարները կփակեն, որովհետեւ այդպես աշխատելը ձեռնտու չէ: Տոնավաճառի տնօրինությունը վաճառողներին նախապես խոստացել էր, թե սոցվճարներն ու հարկերը գանձվող վարձավճարի մեջ կմտնեն: Բայց միայն խոստացել էր: Բացի այն, որ պարտադիր այս վճարները տաղավարի համար սահմանված գումարից առանձին են գանձվում վաճառողներից, արդեն երկու ամիս է՝ խստացրել են նաեւ վարձավճարի հավաքման կարգը:  Տոնավաճառի տնօրինության եւ վաճառողների միջեւ պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ չի կարելի վճարումն ուշացնել անգամ մեկ օր: Պետք է վճարել յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը: Հակառակ դեպքում տոկոսներ կգանձվեն: "Առաջ թողում էր մի քանի օր ուշացնենք, հիմա կտրուկ խստացրել են,  եթե մուծում չենք անում, նախորդ ամիս ամեն մի ուշացրած օրվա դիմաց 3 տոկոս էր գալիս, էս ամսվանից՝ 10 տոկոս: Փոխանակ վիճակը կարգավորեն, որ հավեսով գանք-աշխատենք, մի բան էլ վատացնում են",-պատմում է վաճառողը՝ ավելացնելով, որ դժգոհողներին միայն մի պատասխան է տրվում. "Դուրդ չի գալիս, ապրանքդ հավաքի, գնա ձեր տուն": Մինչ "բառի ամենախոր իմաստով" ճգնաժամ ապրող վաճառողները գնորդի են սպասում, տոնավաճառի տնօրինությունը փակ տոնավաճառի շինարարություն է ծավալել: Այդ մասին ազդարարող պաստառը կանգնեցված է "Հրազդան" տոնավաճառի մուտքի մոտ: Շուրջ երկու ամիս է՝ տոնավաճառի տվյալ հատվածի տաղավարներն ապամոնտաժվել են եւ տարածքի մաքրման աշխատանքներ են տարվում: Նախատեսվում է մինչեւ հունվար շինարարությունն ավարտել: Մեր տեղեկություններով՝ Աշոտ Աղաբաբյանը շինարարությունն սկսել է առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության: Իսկ երբ փորձել է թույլտվություն ստանալ, Գագիկ Բեգլարյանն առարկել է: Անգամ խնդրել է, որ իր հեղինակավոր աներձագը՝ Գալուստ Սահակյանը միջնորդի, սակայն Գագիկ Բեգլարյանն անդրդվելի է գտնվել: Լուրեր են շրջանառվում, թե Գագիկ Բեգլարյանն ու Աշոտ Աղաբաբյանը հին հաշիվներ ունեն: Բացի այս, "Հրազդան" տոնավաճառից ոչ այնքան հեռու Սամվել Կարապետյանի առեւտրի փակ շենքն է կանգնած, կառուցապատումն էլ շարունակվում է: Ըստ շրջանառվող լուրերի, Կալուգայի Սամվելը հսկա հիպերմարկետ է կառուցում, որտեղ անգամ տրանսպորտային միջոցներ են լինելու: Եւ իրար "կպած" երկու առեւտրի կենտրոնների գոյությունն անիմաստ կարող է լինել:



ՀԳ - Ի դեպ, ապօրինաշինության հետ կապված տեղեկությունները ճշտելու ակնկալիքով 2 օր շարունակ փորձում էինք կապվել Աշոտ Աղաբաբյանի հետ: Ի վերջո զրուցեցինք "Հրազդան" հոլդինգի լրատվական ծառայության պետ Թամարա Սարգսյանի հետ: Նա ասաց, որ առայժմ տարածքում միայն բարեկարգման եւ մաքրման աշխատանքներ են ընթանում, բայց շինարարություն նախատեսված է: Իսկ Գագիկ Բեգլարյանի կողմից շինթույլտվությունը մերժելու հետ կապված նշեց. "Շինարարությունը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որոշակի ընթացակարգերով: Մենք այժմ այդ ընթացակարգերի մեջ ենք: Մերժված որեւէ բան մենք չունենք":