Թեժ ամառը մոտենում է ավարտին

Թեժ ամառը մոտենում է ավարտին
Երեկ մեկնարկեցին որոշ բուհերի ընդունելության բանավոր քննությունները: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին արդեն ավարտվեցին պետական միասնական լրացուցիչ քննությունները ու մեկ օր անց սկսվեցին բանավորները, որոնք էլ կավարտվեն այս ամսվա վերջում` հուլիսի 26-ին: Աստիճանաբար թեժ ամառը մոտենում է իր տրամաբանական ավարտին, եւ բանավոր, ստեղծագործական քննություններից մի քանի օր հետո` օգոստոսի 1-ին, կփակցվեն վերջնական ցուցակները, ու դիմորդները վերջապես կիմանան, թե որտեղ են ընդունվել: Այսօր բանավոր քննություն էին հանձնում մասնավորապես անգլերեն, իտալերեն եւ հայոց լեզու, հայ գրականություն առարկաներից: Հետաքրքիր միտում կա, ու նախորդ տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ դիմորդները օտար լեզուներից` հատկապես անգլերենից, ավելի բարձր են ստանում, քան հայերենից: Անգլերեն բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Ապրեսյանը դա բացատրում է այսպես. "Եթե խոսեմ որպես լեզվաբան, ապա իսկապես հատկապես անգլերենի քերականության համակարգն ավելի հեշտ է, քան հայերենի համակարգը: Համ էլ օտարի հանդեպ մի քիչ ավելի ուշադիր են, այդ պատճառով էլ ավելի շատ ջանք են թափում: Բայց ես համաձայն չեմ, որ մեր երեխաները իրենց մայրենի լեզուն վատ են տիրապետում: Անգլերենի մակարդակը գնալով աճում է, եւ քննության են գալիս լավ անգլերենով դիմորդներ, ինչն ուրախացնում է, քանի որ Հայաստանը գնում է միջազգային ասպարեզ":



Յուրաքանչյուր քննասենյակում նստած էր 5-ական դիմորդ` միմյանց չխանգարելու համար, սեղաններին դրված էին բառարաններ, որոնցից կարող էին օգտվել քննություն հանձնողները, իսկ ծնողները կարող էին հետեւել քննության ընթացքին լսարանում տեղադրված մոնիտորների միջոցով: Քննության ամբողջ ընթացքը ձայնագրվում էր, որը խիստ անհրաժեշտ է բանավոր քննության համար, քանի որ ցածր ստացած դիմորդները հաճախ դժգոհում են իրենց գնահատականից: Ձայնագրությունը շատ լավ միջոց է՝ ստուգելու դիմորդի պատասխանն ու ստացած գնահատականը: Ի դեպ, բանավոր քննությունը նաեւ նրանով է լավ, որ դիմորդը ստիպված չէ սպասել մինչ հաջորդ օրը, որպեսզի իմանա իր ստացած գնահատականը, ինչը նվազեցնում է դիմորդների ավելորդ լարվածությունը: Բողոքարկումը նույնպես կազմակերպվում է տեղում: Քննությունից առաջ դիմորդների լարվածությունը բնական է: Շատերը վախենում էին, որ "դժվար բան կընգնի", ոմանք էլ` որ կարող են անծանոթ բառեր հանդիպել, ու իրենք չհասկանան: Հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Ապրեսյանը անծանոթ բառեր հանդիպելը բնական համարեց, քանի որ այդպիսի բառերը կտրված չեն լինում նախադասության ենթատեքստից, ու "եթե դիմորդը խելացի է, մտածող, նա անպայման կհասկանա այդ բառերի իմաստը",- ասաց նա: Ի դեպ, մեզ հանդիպած դիմորդների մեծ մասը դիմել էր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: