Գոնե մի ծառ տնկեր...

Գոնե մի ծառ տնկեր...
Հարգելի խմբագրություն



Քանի անգամ ուզում էի գրել այս մասին, բայց ինքս ինձ ասում էի, թե՝ չէ, էսպես չի մնա, խելքի կգա ի վերջո էդ կինը ու, թող ներվի ասել՝ սասը կկտրի: Բայց չէ, գնալով ավելի ու ավելի է չափն անցնում: Խոսքս իրեն բնապահպան հորջորջող Կարինե Դանիելյանի մասին է: Էդ կնոջն իսկապե՞ս թվում է, թե ժողովուրդն իսպառ կորցրել է հիշողությունը: Էսօր ծառերի, բնության համար դոշ տվող էդ կնիկը չէ՞ր երեկ մյուս օրը բնապահպանության նախարար աշխատում: Էդ տարիներին չէ՞ր, որ Երեւանի ծառերն օրը ցերեկով, աջ ու ձախ հատվեցին: Հենց Նորքի հեռուստաաշտարակի տակի անտառն էլ, որի մասին էսօր էդպես կուրծք է ծեծում նախկին նախարարը, էդ տարիներին վերացավ: Էդ Դանիելյան Կարինեն կարծեմ քաղաքապետի տեղակալ էլ եղավ մի շրջան ու, եթե չեմ սխալվում, հենց էկոլոգիայի գծով: Բա էդ ժամանակ ո՞ւր էր մեծն էկոլոգի խիղճը: Չէ, թող չթվա, թե ծառ կտրելու կամ կանաչը ոչնչացնելու կողմ եմ: Ուղղակի սիրտս պայթում է, որ էդ տեսակներն են որպես բնության պաշտպան հանդես գալիս: Էս տարիքիս, 78 տարեկան եմ, ամեն տարի ծառատունկի եմ մասնակցում: Համա մի օր էդ կնկան ծառ տնկելիս կամ գոնե տնկողների կողքին կանգնած չտեսա: Էդ հլա քիչ ա, հիմի էլ ճարտարապետի ու շինարարի հակումներ ա դրսեւորում: Էն օրն էլ ասուլիս ա տալիս ու թե գիտե՞ք` էսպես ու էնպես: Բա էդ ներկա լրագրողներից մեկի մտքով չանցա՞վ էդ տիկնոջը իրա արածների մասին հարցնի: Թե՞ իրանից էլ են վախենում: Բա որ իրան շինարար էլ ա երեւակայում ու թե գիտե՞ք՝ էս շենքը ճիշտ շենք չի, էստեղ կարելի ա կառուցել, էնտեղ` չէ... Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե  լաց լինի: Հեր օրհնած, դու դրանից բան ես հասկանո՞ւմ: Սազն առած՝ աշխարհով մեկ ա արել, թե հա՜յ-հարա՜յ, Երեւանում էկոլոգիական աղետ ա: Տնաշեն, սովետի օրոք էլ "Նաիրիտ", էլ "Պոլիվինիլացետատ" ու չգիտեմ էլ ինչ աշխատում էին, էլի ասում էին նորմայի մեջ ա: Հիմա դրանցից ոչ մեկն էլ չկա, ոչ մի գործարան չի աշխատում, ու աղետ ա՞: Ուզածն էն ա, որ ավտո էլ չաշխատի՞: Երկիրը մեռնի՞: Բա եղա՞վ: Ասում ա՝ չափիչ սարքերին չեմ հավատում: Բա ո՞ւմ ես հավատում: Լալվարի հանքում քար չմնաց քո օրոք, անտառը երկրով մեկ հատում էին` ձեն-ձուն չէիր հանում: Չնայած պարզ ա. էդ կնոջ կամ աղն ա պակաս, կամ մաղը: Կամ գրանտների ժամկետն ա լրացել, ու նոր գրանտի համար աղմուկ ա պետք, կամ էլ, ով գիտի, իշխանությունների հետ մի հարցում լեզու չի գտել: Ուսանողական այգու համար սրտացավ ա էսօր դարձել: Բա  որ էդ կաֆեները սարքում էին, ո՞ւր էիր: Թե չէ էսօր ՀԱԿ-ի մի քանի քաղաքականացված ջահելի առել` ընդդիմադիր ա խաղում, համա տեղն ընկած տեղը լավ էլ դիմադիր ա: Ջահելներին եմ խղճում ախր: Ես մի բան գիտեմ. սրանցով, սրանց նմաններով մեր բնության հարցը լուծվողը չի: Որ էդ առումով մեր վիճակը վիճակ չի` փաստ ա: Համա որ նայում եմ, թե ով ա ուզում մեր դարդին դարման անի` սիրտս պայթում ա: Ասածս էն ա, հարգելի խմբագրություն ջան, որ մեկի խոսքը գրում եք, հլա դրա տակուգլուխն իմացեք: Թե չէ էս ժողովուրդն էլ ա մեղք:



Խաչատուր ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

թոշակառու, Երեւան