Նորից առանց Ղարաբաղի

Նորից առանց Ղարաբաղի
Երեկ լուրեր տարածվեցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման կազմակերպիչները Ղազախստանում համաձայնեցնում են բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հարցը: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ պաշտոնական Ստեփանակերտը չի ստացել Ղրղզստանում Ղարաբաղը ներկայացնելու որեւէ առաջարկ: "Մենք միշտ ասել ենք, որ առանց Արցախի հնարավոր չէ կարգավորել այդ հարցը, եւ կամաց-կամաց կարծես թե բոլորը հակվում են այդ գաղափարին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը մեզ հիմք չի տալիս մտածելու, որ այդ երկիրը կփոխի իր դիրքորոշումը: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է անեն ամեն ինչ, որ վերականգնվի այն ձեւաչափը, որում Ղարաբաղն ընդգրկված էր որպես լիարժեք կողմ",-ասաց Դավիթ Բաբայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ղարաբաղից ոչ ոք Ալմաթի չի մեկնել նույնիսկ ոչ պաշտոնական մակարդակով: