Դատապարտյալը պատռել է փորը

Դատապարտյալը պատռել է փորը
22 տարեկան դատապարտյալ Սամվել Սուքիասյանը հուլիսի 15-ի երեկոյան ածելիի սայրով պատռել է որովայնը եւ կտրել  երակները: Այսկերպ երիտասարդն իր բողոքն է արտահայտել "Դատապարտյալների հիվանդանոց" քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների դեմ, որոնք, ըստ Սուքիասյանի, փորձում են նրա գլխին "գործ սարքել", կասկածելով կալանավայրի ներսում թմրամիջոցներ տեղափոխելու մեջ: Օրերս այդպիսի մի դեպք է արձանագրվել "Դատապարտյալների հիվանդանոցում", երբ ինչ-որ մեկը "դեղ" է շպրտել ներս, այդ ընթացքում կոտրելով սենյակի պատուհանը: "Ես ոչ մի առնչություն չունեմ այդ դեպքի հետ: Մի քանի օր առաջ իմ մահճակալը մետաղական լարով նորոգելիս վնասել եմ ձեռքս: Հսկիչներն էլ ինձ վրա են բարդում, իբր թե ես եմ ապակին կոտրողը",- փոխանցեց դատապարտյալը մոր՝ Մարիամ Սուքիասյանի շուրթերով: Վերջինս համոզված է, որ "Դատապարտյալների հիվանդանոցի" աշխատակիցները նախատրամադրվածություն ունեն իր որդու նկատմամբ եւ առիթն օգտագործում են նրա հետ հաշիվներ մաքրելու համար: "Հունիսի 15-ին տղայիս պետք է տեղափոխեին նրա հիմնական կալանավայրը՝ "Կոշ": Բայց այս գործը սարքեցին, որ "սռոկն" ավելացնեն",- ասում է Մարիամ Սուքիասյանը, որը փոքրիկ աղջկա ձեռքը բռնած՝ երկու օր է, թերթից թերթ է գնում, կալանավայրերի վարչությունից "Դատապարտյալների հիվանդանոց": Երեկ նրան թույլ չեն տվել տեսնել որդուն, պատճառաբանելով, որ ընդամենը 4 օր առաջ է հանդիպել նրան: Արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում է դատապարտյալը, եւ ինչ գործողություններ են նրա նկատմամբ կատարվում: Նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հաստատեց, որ "Դատապարտյալների հիվանդանոցում" պահվող դատապարտյալ Սամվել Սուքիասյանը հուլիսի 15-ին ինքնավնասում է կատարել որովայնի եւ ձեռքերի շրջանում: Նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, եւ այժմ Սուքիասյանի առողջական վիճակը բավարար է: Ըստ մամուլի քարտուղարի, թմրանյութ շրջանառելու փաստի առիթով քրեական գործ հարուցված չէ, եւ առայժմ նյութեր են նախապատրաստվում: Սամվել Սուքիասյանն այժմ հուսահատ է, քանի որ չի հավատում հետաքննիչներին: Հինգշաբթի երեկոյան 18:00-ից մինչեւ կեսգիշեր կալանավայրի տեսուչները նրան պահել են իրենց սենյակում, հարցաքննել եւ ուժ կիրառելով, փորձել են արյուն վերցրել բժշկական փորձաքննություն կատարելու համար: Թե որն է նման փորձաքննության իրավական հիմքը, ինչ քննության է իր կամքին հակառակ մասնակցում դատապարտյալ Սուքիասյանը, ինչ կարգավիճակում է ինքը՝ կասկածյալի՞, թե՞ մեղադրյալի չգիտի: Փաստաբան նրան չի տրամադրվել, բժշկական փորձաքննությունը կատարվել է բռնի կերպով: Կալանավայրերը հսկող դատախազը, որի ներկայությունը նման դեպքերում պարտադիր է, նրան չի այցելել: Միակ ելքը ստեղծված վիճակից Սամվել Սուքիասյանը տեսնում է ինքնավնասման տարբերակով հանրության եւ ՔԿՀ ղեկավարության ուշադրությունը գրավելու մեջ: ՔԿՀ վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը հայտնեց, որ Սուքիասյանից արյան փորձանմուշ է վերցվել թմրանյութը ներս նետելու դեպքի հետ կապված, եւ փորձաքննությամբ կպարզվի՝ ունի՞ նա առնչություն այդ դեպքի հետ, թե՞ ոչ: Սակայն Սուքիասյանը չի վստահում քննություն անցկացնող աշխատակիցներին, քանի որ համոզված է՝ նրանք կեղծելու են արդյունքները, եւ իրեն չի հաջողվելու ապացուցել անմեղությունը: Դատապարտյալը վստահեցնում է, որ եթե բռնությունները շարունակվեն, ինքը կկարի բերանը եւ հացադուլ կհայտարարի: