Ռաունդ "Ճ" կամ Ալմաթի գնացին թղթե շերեփով

Ռաունդ "Ճ" կամ Ալմաթի գնացին թղթե շերեփով
Այսօր ղրղզական Աքբուլաղ հանգստավայրում տեղի ունեցող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները  քննարկելու են Ղարաբաղի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու մանրամասները: Նախօրեին Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ հայկական կողմի հետ քննարկվում է ԼՂ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ճակատագիրը, որ սկիզբ է դրվել Սանկտ Պետերբուրգում՝ Ալիեւ-Սարգսյան հանդիպման ժամանակ: "Դա բացահայտ սուտ է",-Հայաստանի լրատվամիջոցներով Մամեդյարովին հակադարձել է Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունն արժանահավատ չի թվում նախ այն պատճառով, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը պաշտոնապես լղոզում է բանակցային գործընթացի մասին տեղեկությունները: Հետո էլ՝ Սերժ Սարգսյանն անձամբ է ուրացել Քարվաճառը, հայտարարելով, որ այն իր հայրենիքը չէ: Աքբուլաղի, որ ալմաթյան անունն է կրում, հանդիպումը հարցի կարգավորման հերթական ռաունդն է, որը, ըստ Մինսկի խմբի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պետք է լինի որոշիչ: "Մնում է խաչել մատները եւ հուսալ դրական արդյունք: Եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպումը շատ օգտակար կլինի",-հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Մարկ դե Բրիշամբոն, բայց չի ասել, թե ում համար կլինի օգտակար: Գործընթացներին հետեւող քաղաքագետները, սակայն, խոսում են Ադրբեջանի օգտին լինելու մասին: "Հայկական կողմը ստիպված տեղի է տալու ճնշումներին ու բռնելու է կառուցողական դիրքորոշում",-հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարն ու բացատրել, որ եթե համանախագահող երկրների ղեկավարներն ասում են, որ հարցը պիտի կարգավորվի միջազգային իրավունքի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, զուգահեռաբար Ադրբեջանը հզորացնում է բանակն ու տնտեսությունը զարգացնում դինամիկ, նշանակում է ճնշում Հայաստանի վրա: Չնայած արտգործնախարար Նալբանդյանի՝ "Հիմարն ինքդ ես" տրամաբանությամբ հնչեցրած հայտարարություններին, ստիպված ենք նկատել, որ հայ դիվանագիտության մտքի գիգանտը թեպետ որոշել է կիրառել ադրբեջանական հիստերիայի մեթոդը, բայց չի հաջողել: "Նալբանդյանը  պնդում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Սարգսյանին եւ Ալիեւին է ներկայացվել  Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակ: Թերեւս այն ավելի ձեռնտու է հայկական կողմին եւ այդ պատճառով է Նալբանդյանի մտքով անցել կրկնել նույն քարոզչական արշավը, ինչն արեց Ադրբեջանը` հայտարարելով, որ ընդունում է հունվարին ներկայացված Մադրիդյանի նորացված տարբերակը",-մեկնաբանում է ՀԱԿ արտաքին հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանը: Նրա կարծիքով՝ Նալբանդյանը հաշվի չառավ կարեւոր մի հանգամանք` հունվարի 22-ին Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ` ազդարարելով, որ, ի կատարումն 2009 թ. հուլիսին  Լ’Աքվիլայում իրենց պետությունների նախագահների հանձնարարության, կողմերին են ներկայացրել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը: ՀՀ ԱԳՆ լռությունն այդ օրերին վկայեց, որ համանախագահների հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր անց Ադրբեջանը հայտարարեց, որ ընդունում է առաջարկությունները, եւ սկսեց մեղադրել Հայաստանին՝ ապակառուցողական կեցվածքի համար: Ադրբեջանի քարոզչական արշավը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրությունն այդ երկրի դիրքորոշումը գնահատեց որպես կառուցողական: "Կրկնօրինակելով  ադրբեջանցիներին, Նալբանդյանը ցանկանում է օգտվել սանկտպետերբուրգյան հանդիպումից, բայց, ինչպես միշտ, դա արվում է սիրողական մակարդակով: Եթե Ադրբեջանն օգտվում էր համանախագահների հայտարարությունից, ապա Նալբանդյանը չունի իր հայտարարությունները հաստատող որեւէ հղում: Սա է պատճառը, որ նպաստավոր այս իրավիճակից Հայաստանը չի կարողանում օգուտ քաղել, որովհետեւ չկա որեւէ երկիր, որը կհայտարարի, որ սատարում է Հայաստանին",-նշում է Վլադիմիր Կարապետյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը չկարողացավ այնպես անել, որ համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունից հանվի "օկուպացված տարածքներ" արտահայտությունը: Հիմա էլ չի կարողանում ապահովել գոնե ՌԴ որեւէ պաշտոնյայի հայտարարություն, որը կվկայի, որ Ս. Պետերբուրգում կողմերին իսկապես ներկայացվել է Մադրիդյանի նոր տարբերակ: "Այս փաստերը ցույց են տալիս, թե որքան է հեղինակազրկվել Հայաստանը, որին չի հաջողվում գտնել որեւէ դաշնակից",-վստահեցնում է Վլադիմիր Կարապետյանը: