Մահվան խցեր Հայաստանի բերդերում

Մահվան խցեր Հայաստանի բերդերում
Վերջերս կալանավայրերում նոր երեւույթ է նկատվել: Պատժախցերը, որտեղ ավելի զով է, քան սովորական խցերում, որտեղ մարդը կարող է մենակ մնալ եւ պառկել, ընկալվում է որպես VIP բնակավայր: Բերդերի բնակիչները, պատժախուց ընկնելով, այլեւս չեն ուզում այնտեղից վերադառնալ: Այս մասին երեկ պատմեցին ՔԿՀ-ներն ուսումնասիրող դիտորդական խմբի անդամները "կալանավայրերի գերբնակեցում" թեմայով քննարկման ժամանակ: Արդեն երկու տարի է՝ նրանք մամուլով, հաշվետվություններում, սեմինարներում, տարատեսակ քննարկումների ժամանակ գուժում են, որ Հայաստանի բերդերը գերբեռնված են, խցերում շոգ է, չկա օդափոխություն եւ մահճակալներ, մարդիկ հերթ են կանգնում քնելու համար: Բայց դիտորդների հայտարարություններից ազատազրկվածների կյանքը չի լավանում: Մեկ տարում կալանավայրերի բնակիչների թվաքանակն ավելացել է 850-ով: Հենց այդքան մարդ է պահվում Հայաստանի ամենամեծ կալանավայրում՝ "Նուբարաշենում": "Սա նշանակում է, որ եթե ազատազրկվածների թվաքանակն այս տեմպերով աճի, ապա ստիպված կլինենք Հայաստանում տարեկան մեկ "Նուբարաշեն" կառուցել",- ասում է խմբի ղեկավար Արման Դանիելյանը: "Նուբարաշենը" նաեւ ամենագերբնակեցվածն է: Խցերում, որոնք նախատեսված են 8 մարդ պահելու համար, պահվում է երեք անգամ շատ՝ 16-20 մարդ: Մինչդեռ յուրաքանչյուր ազատազրկված պետք է ապահովված լինի 4 քմ բնակտարածքով:



Քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է փակ եւ կիսափակ խցերում պահել 4-6 մարդ: Նույն ծանր վիճակն է հին, գաղութային տիպի հիմնարկներում՝ "Կոշ", "Էրեբունի", "Սեւան": Այստեղ դեռեւս մարդիկ հերթով չեն քնում, բայց այնտեղ էլ մեկ ահռելի կացարանում քնում է 50-70 մարդ: Իսկ "Վարդաշենում", որը նախատեսված է նախկին իրավապահների եւ արտասահմանցի տղամարդկանց համար, աճն այնքան է, որ մի մասին տեղափոխել են "Նուբարաշեն":



Գերբնակեցումն առաջացնում է առողջական, իրավական բարդություններ, կոնֆլիկտներն է շատացնում եւ սրում է սոցիալ-հոգեբանական իրավիճակը կալանավայրերում, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների աճ է բերում: Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանության անդամ Լաուրա Գասպարյանը, որը նույնպես դիտորդական խմբից է, նկարագրեց, թե ինչպես են բնակտարածքի անբավարարությունը, քնի եւ օդի պակասը հանգեցնում  կենսառեժիմի խրոնիկ խանգարումների, նեւրոզի, թթվածնային քաղցի, գլխապտույտների, գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների, սթրեսի: Ճաղերի եւ փոքր պատուհանների խցերում թարմ օդը պակաս է, թթվածնի քանակը՝ ցածր, ածխաթթու գազը եւ կոնցերոգեն մանրէները՝ շատ:



Խոցը, արյան շրջանառության խանգարումները, սրտի իշեմիկ հիվանդությունը մեծ տարածում ունեն ՀՀ ազատազրկման վայրերում: Հերթափոխով քնելն էլ իր բացասական հետեւանքներն ունի: Շատերը չեն զբոսնում, որ այդ մեկ ժամը քնեն: Մյուսները ստիպված են լռել, չաղմկել, որ նրանց չխանգարեն: Եւ այսպես մարդիկ ապրում են երկար տարիներ: