Ղարաբաղում քիթ սրբելու ժամանակ չունեն

Ղարաբաղում քիթ սրբելու ժամանակ չունեն
Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանը, Ադրբեջանը եւ այլք Ալմաթիում "Ղարաբաղյան կարգավորում" բազմասերիանոց օպերացիայի հերթական սցենարն են փորձարկում, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով։ ԼՂՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունները կատարող Կարեն Շահրամանյանը նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 16-ի հրամանագրով նշանակվել է քաղաքաշինության նախարար։ Տեղի արտգործնախարարությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը զբոսաշրջիկներ ընդունելու-ճանապարհելու ուղղությամբ, որի արդյունքում, ինչպես տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունը, "օտարերկրացիների հետաքրքրությունը ԼՂՀ-ի նկատմամբ աճում է։ 2010 թ. առաջին եռամսյակում հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ": Նույն աղբյուրը հայտնում է, որ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք եւ վերջերս նոր պեղված հնագույն քաղաք Տիգրանակերտ: Հիրավի "մեծ" գործ է կատարում Արցախի արտգործնախարարությունը։ Պատահական չէ, որ տեղի գործիչներից մեկն այդ գերատեսչությունն անվանել է տուրիստներ ընդունող-ճանապարհող կայան։ Եւ Ղարաբաղի իշխանությունները, հաշվի առնելով այդ կառույցի գերծանրաբեռնվածությունը, ԱԳՆ-ին հատկացրել են նախարարի տեղակալի 2 հաստիք, շատ ու շատ բարձր պաշտոնյաների ուստրերն ու դուստրերն այստեղից են սկսում իրենց քաղաքական կարիերան։ Լուրերի համաձայն, ԼՂՀ նախկին նախագահի տիկինն այստեղից պարբերաբար աշխատավարձ է ստանում: Այս գերատեսչությունն ուղղակի "քիթ սրբելու" ժամանակ չունի՝ էլ շփման գծի դիտարկումներ, որի ժամանակ ուղեկցում են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին, էլ տարբեր երկրներից ժամանած տուրիստներ... Օրերս, օրինակ, Արցախի արտգործնախարարը հանդիպել է Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների եւ ուսանողների հետ ու "նրանց խնդրանքով պատասխանել լայն շրջանակ ընդգրկող հարցերի, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀ հետպատերազմյան վերականգնումներին եւ տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարական գործընթացներին, միջազգային հանրությանը Արցախի մասին անաչառ տեղեկատվության ներկայացմանը եւ այլն": Եւ այսքանից հետո գտնվում են մարդիկ, որոնք ասում են, թե Արցախի ԱԳՆ-ն ոչինչ չի անում թեկուզ աֆրիկյան հետամնաց որեւէ ցեղախմբի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու ուղղությամբ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ