Գազալցակայաններում պայթյունն անպակաս է

Գազալցակայաններում պայթյունն անպակաս է
Գազալցակայաններում տեղի ունեցող պայթյուններն արդեն սովորական երեւույթ են դարձել Հայաստանում: Հերթական պայթյունը երեկ երեկոյան է լսվել՝ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող "Արսեն Թեւանի" ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում: "ԳԱԶ-53" մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է: Վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետ՝ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը բավարար է:



Հայաստանում 304 գազալցակայան է գործում, որոնցից 22-ը՝ Երեւանում,  282-ը՝ մարզերում: Գազալցակայաններում պարբերաբար տեղի ունեցող պայթյունները հիմնականում երկու պատճառ ունեն: Պայթյունը տեղի է ունենում կամ բարձր ճնշման տակ գազաբալոնը լիցքավորելու հետեւանքով, երբ վարորդները 500 դրամ ավել են վճարում լիցքավորողին, իսկ նրանք սահմանված նորմայի՝ 200 մթնոլորտ ճնշման փոխարեն 220-250 մթնոլորտ ճնշման տակ են լիցքավորում: Դրա հետեւանքով բալոնն ընդարձակվում է, եւ տեղի է ունենում պայթյուն: Ստացվում է, որ վարորդները մի քանի կիլոմետր ավել մեքենան վարելու, իսկ լիցքավորողները լրացուցիչ "երկու կոպեկ աշխատելու" համար վտանգում են իրենց կյանքը: Պատճառներից մյուսն էլ այն է, որ տրանսպորտային միջոցում տեղադրվում են գազի համար չնախատեսված բալոններ, որոնք նախատեսված են, ասենք, ամոնիակի կամ թթվածնի համար:



Սա էլ հավանաբար գումար խնայելու համար է արվում:  Տրամաբանորեն առաջին դեպքում պատասխանատվությունն ընկնում է գազալցակայանի, իսկ երկրորդ դեպքում՝ մեքենայի վարորդի ու գազի բալոնը տեղադրող կազմակերպության վրա: Դժբախտ պատահարի դեպքում եթե փորձաքննությունը պարզում է, որ պայթյունը տեղի է ունեցել շատ լիցքավորելու հետեւանքով, գազալիցքավորման կայանի տնօրինությունը տուգանվում է մեկ միլիոն դրամի չափով, իսկ երկրորդ դեպքում գործով զբաղվում են քննչական մարմինները: Բայց որքան էլ վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների անփութությունն ու մեղավորությունը լինի, պատկան մարմինների դերն այս հարցում դժվար է թերագնահատել:  Նրանք պետք է կարգավորեն ու վերահսկեն այս ամենը: Ոլորտն ըստ էության հիմնովին կարգավորված չէ, որովհետեւ մի քանի գերատեսչություններ են զբաղվում դրանով: Օրինակ, էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման գործակալությունն զբաղվում է գազաբալոն տեղադրող մասնավոր կազմակերպությունների գրանցմամբ եւ լիցենզավորմամբ: Մեքենաների տեխզննում իրականացնող կազմակերպությունները, որ լիցենզավորվում են տրանսպորտի եւ կապի նախարարությունում (Հայաստանում գործում են 25 ընկերություն եւ 31 տեխզննման կայան), ստուգում են  մեքենաների գազաբալոնային համակարգերը, իսկ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը փորձաքննություն է իրականացնում գազալցակայաններում, որն ի դեպ՝ վճարովի է:



Փաստորեն, չկա մի մարմին, որը համալիր կերպով զբաղվի ոլորտի խնդիրներով: ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանի փոխանցմամբ՝ 2006-ից մինչ օրս գազալցակայաններում  26 դժբախտ դեպք է արձանագրվել, որից 24-ը՝ գազաբալոնի պայթյունի հետեւանքով: Արձանագրված դեպքերից 14-ն ավարտվել են մահվան, իսկ 8-ը՝ ծանր ելքով: Վլադիմիր Հովսեփյանն ասում է, որ  բոլոր գազալցակայանները տեխնիկապես հագեցած են, ամեն տարի տեխնիկական փորձաքննություն են անցնում: Բայց "Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին" օրենքի պահանջները ոչ միշտ են պահպանվում (տարածքի չափերի եւ լիցքավորման սյունակների միջեւ հեռավորության պահպանում, տեխնիկական միջոցների սարքինություն եւ այլն): Վլադիմիր Հովսեփյանի խոսքով՝ 2009-2010թթ. փորձաքննություն անցած մոտ 150 գազալցակայաններից 145-ում տրվել է միջոցառումների իրականացման ծրագիր: Այս ցուցանիշն ինքնին խոսուն է, եւ զարմանալի չէ, որ դժբախտ դեպքերի պակաս չի զգացվում: