Թաղումը (պատմվածք)

Թաղումը (պատմվածք)
Անտանելի շոգ էր, եւ Խաչիկի թաղմանը եկած սակավաթիվ մարդիկ  կանգնած քրտնում եւ անհամբեր սպասում էին թաղման ավարտին։ Նախորդ օրերին ցուրտ էր եղել, մարդիկ ապահովության համար տաք բաճկոններ ու կոստյումներ էին հագել, եւ անսպասելի շոգը բոլորին անակնկալի էր բերել։ Թաղման կազմակերպչական հարցերով զբաղվող Վաչոն, պատշաճության սահմանը չանցնելով, փորձում էր արագացնել թաղման արարողակարգը։ Նրա երկու ամրակազմ ընկերներն ու նավաստու զոլավոր շապիկ ու հնամաշ շալվար հագած, մի շաբաթվա թրաշը երեսին գերեզմանափորը նախորդ օրը փորված փոսը խորացնում էին։ Սովորույթի համաձայն, որպեսզի թաղման եկածները շատ չսպասեն, փոսը նախօրոք փորում էին եւ թաղման համար քսան-երեսուն սանտիմետր փորելու տեղ թողնում, բայց Վաչոն գերեզմանափորի վարձը տալիս նրա ականջին ասել էր, որ շոգ է, ինչքան շուտ ավարտի` այնքան լավ, ասել էր՝ մետր էս կողմ-մետր էն կողմ, ի՞նչ տարբերություն։ Գերեզմանափորն իր գործին լուրջ էր վերաբերվում, իր արած գործի համար ոչ միայն հանգուցյալի հարազատների, այլեւ հենց հանգուցյալի առաջ էր իրեն պատասխանատու զգում։ Ջանք ու եռանդ չխնայելով՝ նա ուզում էր կարճ ժամանակում անհրաժեշտ խորությանը հասնել, որ եւ Վաչոյին գոհացնի, եւ հանգուցյալին։



Երբ գերեզմանափորը գործը վերջացրեց, Վաչոն քիչ հեռվում` ծառի ստվերի տակ սառը գարեջուր խմող երաժիշտներին նշան արեց, որ սկսեն։ Երաժիշտները դժկամորեն ցած դրեցին գարեջրի շշերը եւ դուդուկները վերցնելով` մի տխուր եղանակ փչեցին։ Երաժիշտներին գերեզմանից հեռու կանգնեցնելը Արմինեի՝ հանգուցյալի կնոջ միտքն էր։ Այնպես էր մտածված, որ երաժշտությունը լսվի` երաժիշտները չերեւան եւ տպավորություն ստեղծվի, թե երաժշտությունը օդի մեջ է, հենց երկնքից է ցած իջնում։



Հեռվից եկող ցածր երաժշտությունը տպավորիչ չէր, չէր հուզում։ Չնայած կանանցից մի քանիսն իրենց թաշկինակները հանեցին, բայց դրանք ավելի շատ քրտնած երեսները սրբելու համար էին, քան թաց աչքերը։ Արմինեն նույնպես հանեց իր թաշկինակը եւ աչքերի ծայրերը սրբեց։ Նա հասկանում էր, որ իրենից ավելին են սպասում, որ հիմա մարդիկ շշուկով բամբասում են իրենից՝ ասելով, թե ամուսնու մահն իրեն ձեռք էր տալիս, բայց որքան էլ իրեն տրամադրում էր, չէր կարողանում լաց լինել։ Ամուսնու առջեւ իրեն մեղավոր զգալով՝ Վաչոյի կողմը չէր նայում, աշխատում էր, որ իրենց հայացքները չհանդիպեն։ Նրան թվում էր, թե մարդիկ իրենց մասին ամեն ինչ գիտեն։



Վաչոյի հետ նա մոտ մեկ տարի առաջ էր ծանոթացել, երբ Խաչիկը նրան եւ նրա ընկերներին բերել էր, որ իրենց տունը վերանորոգեն։ Առաջին իսկ օրվանից, նույնիսկ Խաչիկի ներկայությամբ, Վաչոն սկսել էր Արմինեին կապել։ Խաչիկի հետ գինը բարիշելիս Վաչոն այնպիսի ցածր գին էր ասել, որ Խաչիկն անմիջապես համաձայնել էր։ Մի քանի օր աշխատելուց հետո Վաչոյի ընկերները, տեսնելով որ փողը երեք տեղ կիսելու համար շատ քիչ է, հեռացել էին։ Խաչիկն առավոտյան գործի էր գնում, ուշ երեկոյան տուն գալիս, եւ այդ ամբողջ ընթացքում Վաչոն ու Արմինեն մենակ էին մնում։ Վաչոն Արմինեին ծաղիկներ, թանկարժեք օծանելիք, համեղ թխվածքներ ու շոկոլադ էր բերում, եւ ի վերջո Արմինեն հանձնվել էր։ Մեկ ամիս պահանջող աշխատանքը երեք ամիս էր տեւել։



Հանգուցյալ  Խաչիկ Խաչիկյանն անշարժ  պառկած  էր  դագաղի  մեջ։  Հյուծված չէր, եւ դեմքն էլ սփրթնած չէր, ինչպես սովորաբար մեռյալների մոտ լինում է։ Հակառակը՝ շատ առողջ տեսք ուներ, ավելի առողջ, քան թե ողջ ժամանակ, ավելի առողջ, քան այն չարաբաստիկ  օրը, երբ  թաց սալիկի վրա սահեց, ընկավ եւ քունքը  տնքաթասի եզրին խփելով` հանկարծամահ եղավ։  Արեւի տակ փայլող նոփ-նոր կոստյումն ու կոշիկները, նուրբ եւ ճաշակով արված դիմահարդարումը նրան  էլեգանտ տեսք էին հաղորդել, երիտասարդացրել։ Քրտնել էր, եւ ճակատին հազիվ նկատելի ջրագոյացումներ կային։ Թշերի վրա թույլ կարմրություն էր իջել,  ինչպիսին գյուղի "կաթ ու մածուն" կերած աղջիկներն են ունենում։ Նա  ավելի նման էր երեկույթի կամ ժամադրության գնացողի, որ ինքնավստահության համար մի երկու բաժակ կոնյակ է խմել, քան թե երեք օրական մեռելի։



Կափարիչը դրեցին դագաղի վրա։ Երաժիշտները ուրիշ, ավելի ողբերգական եղանակ նվագեցին։ Հանգուցյալի գյուղացի բարեկամներից մեկը, որ հյուսն էր, կափարիչը դագաղին մեխելու պարտականությունն իր վրա վերցրեց։ Գերեզմանափորը եւ փոսի մոտ հավաքված մյուս տղամարդիկ դագաղը փոսի վրա պահեցին եւ սկսեցին իջեցնել։ Հնչեց Խաչատրյանի "Սուսերով պարը"։ Բոլորը սկսեցին մեղավորին փնտրել՝ նրան, որը թաղում գալով՝ բջջայինը չէր անջատել կամ գոնե ինչ-որ տխուր եղանակի վրա չէր դրել։ Մի քանիսը գրպաններից հանեցին հեռախոսները եւ համոզվելով, որ իրենցը չի, նորից հետ դրեցին։ Երաժշտությունը խլացված էր գալիս, ասես պատի մյուս կողմից, ինչպես հարեւանի տնից եկող երաժշտությունը։ Զանգն ընդհատվեց։ Փոսի մոտ հավաքված տղամարդիկ դագաղն իջեցրին եւ պարանները դուրս քաշեցին։ Նորից լսվեցին "Սուսերով պարի" հնչյունները, եւ այս անգամ զանգն ավելի տեւական էր։ Հեռվից եկող դուդուկի եւ խուլ հնչող "Սուսերով պարի" միախառնումից ստեղծված երաժշտությունը կարծես  դիջեյի՝ դասականը ազգայինի հետ համակցելու մի անհաջող փորձ լիներ։  Փոսի մոտ կանգնածները քիչ հեռու կանգածների մեջ էին մեղավորին փնտրում, նրանք էլ՝ փոսի մոտ կանգնածների։ Գերեզմանափորը ժպտալով ինչ-որ բան փսփսաց կողքին կանգնածի ականջին, եւ սա էլ չկարողացավ ժպիտը պահել։



- Դե վերջացրեք, էս ի՞նչ բան ա։ Անջատեք էդ հեռախոսը, որ էլ չզանգեն։ Էդ ո՞ւմ հեռախոսն ա,- ասաց բամբ ձայնով տաքարյուն ծերունին եւ միաժամանակ  ձեռնափայտով սպառնաց անշնորհքին, ով էլ որ նա լիներ։



Արմինեն նետվեց դեպի փոսը, եւ եթե տղամարդիկ չբռնեին վշտահար այրուն՝ փոսն էր ցատկելու։ Փոսի մոտ չոքել, արտասվում էր։ Կանայք նրա շուրջը հավաքվեցին եւ փորձեցին հանգստացնել նրան։ Վաչոն ջերմուկով լի մի բաժակ դեմ արեց։



- Նրանն ա, նրա հեռախոսն ա։ Խաչիկի սիրած երաժշտությունն ա։ Նոր էր առել, չհասցրեց էլ բռնի։  Բլութութով, չիպով հեռախոս ա, յոթ հարյուր քսան  դոլար էր տվել։ Կարծում  էր,  որ եթե լավ հեռախոս ու նոր կոստյում ունենա, մարդիկ  կսկսեն ավելի լավ վերաբերվել իրեն։



Առաջին միտքը, որ Արմինեն ունեցել էր՝ թանկարժեք հեռախոսը փրկելը, դագաղի միջից հանելն էր։ Բայց հանգուցյալի հաշվարկները ճիշտ էին եղել. թանկարժեք հեռախոսի կորուստը ամուսնու կորստին էլ էր արժեք հաղորդել,  հեռախոսի կորստի ափսոսանքին ամուսնու կորստի ափսոսանքն էլ էր գումարվել։ Գուցե հիշել էր իրենց ամուսնական կյանքի առաջին տարիները, երբ ե՛ւ անկողնում, ե՛ւ առօրյայում ամեն ինչ լավ էր, հիշել էր՝ ինքը ծանր հիվանդ, բարձր ջերմությամբ պառկած էր, իսկ ամուսինը գործի չէր գնացել, իրեն էր խնամում։ Հիշել էր, թե ինչպես իրենց ամուսնական առաջին գիշերից հետո, երբ պառավ սկեսուրը, սավանի վրա արյան բծեր չհայտնաբերելով ուզում էր աղմուկ բարձրացնել, Խաչիկը ստեց, թե ինքն է մինչեւ ամուսնանալը նրա հետ քնել։ Մինչեւ հիմա միշտ իրեն էր ամուսնական կյանքի զոհը համարել, բայց հիմա մտածում էր, որ ամուսինն է եղել։ Մեղքի զգացումը կանգնել էր կոկորդին ու խեղդում էր։ Արտասվում էր ու  թեթեւանում։ Կարծես արցունքների ձեւով մեղքի զգացողությունը դուրս էր գալիս միջից։



Արմինեի ճերմակ թաշկինակը տուշի սեւ գույնով էր ներկվել։ Վաչոն եւ մի գեր կին թեւատակերից գրկեցին նրան եւ հեռացրեցին փոսի մոտից։ Մեկ-երկու րոպե հնչելուց հետո երաժշտությունն ընդհատվում էր, եւ երբ թվում էր, թե հեռախոսը վերջնականապես լռել է, զանգի ձայնը նորից էր լսվում։ Անտեղյակ մե՞կն էր զանգում, թե՞ ներկա գտնվողներից ինչ-որ մեկն էր կատակ անում։



Քանի դեռ հնչում էր երաժշտությունը, Արմինեն չէր կարողանում հանգստանալ։ Սկզբում նրան թվում էր, թե դա ջադու սկեսրոջ սարքածն է, բայց հետո հիշեց՝ պառավը երկու տարի առաջ էր մահացել։ Դա Խաչիկի սիրած երաժշտությունն էր, եւ տարիներ շարունակ, երբ  նա միացրել էր այդ երաժշտությունը, Արմինեն, որ ավելի թեթեւ ու ժամանակակից ռիթմերի սիրահար էր, պահանջել էր անջատել երաժշտական կենտրոնը կամ ուրիշ բան լսել։ Հիմա Արմինեին թվում էր, թե սրանով Խաչիկն ուզում է ասել, որ նրա դավաճանությամբ ինքը վաստակել է այդ իրավունքը եւ իր սիրած երաժշտությունը կարող է լսել, երբ կամենա եւ որտեղ ուզի։ Այդ խուլ, ոչ երկրային երաժշտությունն ուղղակի խենթացնում էր։ Նրան թվում էր, թե ամուսինն է այն աշխարհից հետապնդում եւ հալածում։



- Կտրեք դրա ձայնը, լռեցրեք,- բղավեց Արմինեն այնպիսի ձայնով, որից նրա կողքին կանգնածները սարսռացին։



Հուղարկավորները մոտենում եւ երեքական բուռ հող էին լցնում փոսի մեջ։ Դրանով մարդիկ կարծես իրենց համաձայնությունն էին հայտնում Բարձրյալի կամքին։  Արմինեն մոտեցավ փոսին։ Ամեն բուռ հողի հետ, որ փոսը՝ դագաղի վրա էր լցնում, նա ավելի էր հանգստանում։ Խաչիկ Խաչիկյանն այլեւս երբեք չէր փչացնի իր կյանքը։ Խաչիկ Խաչիկյանն այլեւս հավերժորեն փտելու էր երկու մետր հողի տակ, ճոխ դագաղի մեջ։ Հիմա արդեն ատելի երաժշտությունն էլ այդչափ տհաճ չէր լսել, եւ հանգուցյալ ամուսնու ստացած զանգը զավեշտական դիպված էր թվում։



Տղամարդիկ, բահերը իրար փոխանցելով, հողը փոսի մեջ էին լցնում։ Հատկապես ջանասիրաբար էր աշխատում Վաչոն։ Նա  կոստյումը հանել, ցանկապատի վրա էր գցել։ Սպիտակ քրտինքից վերնաշապիկը թրջվել, կպել էր մարմնից։ Վերնաշապիկը, ձեռքերն ու ճակատը հողից կեղտոտվել էին, բայց նա շարունակում էր աշխատել եւ բահը ոչ մեկին չէր վստահում։ Երբեմն շունչ առնելու համար կանգնում, ճակատի քրտինքը ձեռքով սրբում էր եւ մտքում հայհոյում  հանգուցյալին։



Փոսը ծածկեցին, իսկ մնացած հողով ու խճաքարերով հողաթումբ սարքեցին։ Հետո երեխաներն ու երիտասարդները ծաղիկներով բեռնված "ԵրԱԶ"-ից ծաղկե զամբյուղները, ծաղիկները եւ սգապսակները բերեցին, ծաղիկները լցրեցին հողաթմբի վրա, զամբյուղները թմբի եզրերով շարեցին, իսկ ծաղկեպսակները հենեցին ցանկապատին։ Ծաղկեպսակների վրայից հանեցին սեւ ժապավենները, որոնց վրա բրոնզագույն տառերով գրված էր. "Սիրելի Խաչիկին իր աշխատանքային ընկերներից" եւ "Թանկագին Խաչիկին իր սիրելի կնոջից"։



Հողաթմբի վերեւում կանգնած՝ ներկաներից ամենակարեւոր եւ ամենաշատ հեղինակություն ունեցող մարդը՝ Խաչիկի փոխտնօրենը, որ նաեւ նրա ընկերն էր համարվում, խոսքով դիմեց թաղման թափորի մասնակիցներին։



- Հարգելի բարեկամներ, հարեւաններ, հարազատներ, աշխատանքային ընկերներ, այսօր ծանր օր է բոլորիս համար, բայց ի՞նչ կարող ես անել, աշխարհիս օրենքն է այդպիսին։ Ինչ ասես չէինք տա, որ նա մեզ հետ լիներ, բայց բոլորս էլ մահկանացու ենք։ Ցավալին այն է, որ մեր սիրելի Խաչիկը երիտասարդ գնաց, դեռ որքան անելիք ուներ այս աշխարհում, կիսատ գործեր մնացին նրանից հետո։ Խաչիկի մասին կարող եմ ասել, որ նա լավ ամուսին էր, լավ հարեւան եւ լավ ընկեր։ Նա մեր աշխատավայրում ամենասիրված անձնավորությունն էր։ Խաչիկը միշտ  պատրաստ էր օգնության ձեռք մեկնել ընկերոջը։ Աշխատանքի մեջ միշտ պարտաճանաչ էր։ Նրան կարելի էր վստահել։ Նա մեզ համար անփոխարինելի ընկեր եւ աշխատակից էր։ Այո, մեր կորուստը մեծ է, բայց մենք պետք է պինդ մնանք։ Մեր սրտերում միշտ վառ կմնա նրա պայծառ հիշատակը։ Հարգելի ժողովուրդ, վերջում ուզում եմ մի հայտարարություն անել։ Պարզ բան է՝ բոլորս էլ առավոտից  տնից դուրս ենք եկել... Մի խոսքով, բոլորիդ խնդրում եմ մի մարդու պես մեր սիրելի Խաչիկի տուն գնալ եւ մասնակցել հոգեհացի արարողությանը։ Իսկ վաղը կլինի ինքնահողը, յոթը եւ քառսունքը միացյալ։



Վաչոն մոտեցավ փոխտնօրենին եւ ականջին ինչ-որ բան ասաց։



- Ներեցեք,-  ասաց փոխտնօրենը,- ինքնահողը, յոթը, քառսունքը եւ տարին` միացյալ։



Մարդիկ շարժվեցին դեպի մեքենաները։ Միայն գերեզմանափորն էր մնացել հողաթմբի մոտ, որտեղ խաշլամայով ու օղու շշերով պոլիէթիլենային տոպրակներն էին դրված։ Գափոն եւ Քյոփոն՝ Խաչիկի հարեւանները, տխուր դեմքով քայլում էին դեպի "Գազելը"։ Գափոն եւ Քյոփոն հայտնի քելեխ ուտողներ էին եւ մինչեւ հոգու խորքը վրդովված էին, նախ, որովհետեւ հանգուցյալի  գերեզմանի մոտ մի բաժակ ողորմաթաս խմելու սովորույթը խախտվել էր, եւ պոլիէթիլենային տոպրակներն այդպես էլ չէին բացվել, եւ հետո, որ իրար էին միացվել ինքնահողը, յոթը, քառսունքն ու տարին։ Եթե միայն յոթն ու քառսունքը կամ ինքնահողն ու յոթը իրար միացրած լինեին, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց չլսված բան էր, որ բոլորը իրար միացնեին։ Գափոն շրջվեց դեպի Խաչիկի գերեզմանը։ Գերեզմանափորն ու էլի երկու հոգի բացել էին տոպրակները, պպզած ուտում-խմում  եւ  ուրախ  զրուցում էին։



- Նայիր,- ասաց Գափոն Քյոփոին,-մեր փայն են ծամում։



- Ոչինչ, քելեխին տեղը կհանենք,- մխիթարեց Քյոփոն:



Գափոն խորը ափսոսանքով լի մի վերջին հայացք էլ գցեց գերեզմանի մոտ պպզածների վրա, եւ ընկերները շարունակեցին քայլել։



- Հեռախոսդ մոտդ ա՞,- ժպտալով հարցրեց Քյոփոն Գափոյին,- մի հատ զանգենք, տենանք մեր ախպերը ո՞նց ա, տեղ ա հասե՞լ, թե՞ դեռ ճամփին ա։



- Րոպե չունեմ։



- Րոպե չունես, ծնգացրու, թող ինքը հետ զանգի։



- Բայց որ վերցրեց, տալու եմ, դու խոսաս։



- Տուր։ Կարող ա մոտը մերոնցից մարդ լինի, ասեմ՝ փոխանցի, հետները խոսամ։



Գափոն գրպանից հանեց բջջային հեռախոսը, հեռախոսահամարների միջից գտավ Խաչիկի համարը եւ զանգեց։



- Ժամանակավորապես անհասանելի ա,- ասաց նա Քյոփոյին։



Նրանք նստեցին "Գազելը", եւ լիքը մեքենան շարժվեց։



ԲՈՅ-ԲՈւՍԱԹՈՎ