Ճանապարհին

Ճանապարհին
"Ոսկե ծիրանի" մրցութային ծրագրում ներառված է բոսնիացի Յասմիլա Ժբանիչի "Ճանապարհին" ֆիլմը, որը  36"ամյա ռեժիսորի երկրորդ լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Այն չկրկնեց նախորդի՝ "Գրբավիցայի" փառատոնային հաջողությունը, եւ դա վկայում է այն մասին, որ նույնիսկ արտ"հաուզային ուղղվածության փառատոններում քաղաքականացված, "ծրագրային", "պրոբլեմատիկ" ֆիլմերն ավելի մեծ հաջողություն են վայելում, քան նրանք, որ ընկալման ու մեկնաբանման համար առավել մեծ հնարավորություն են տալիս։ Թեմատիկ առումով ֆիլմն աղերսներ է առաջացնում Բելոկիոյի "Հավատքի ժամը" կինոնկարի հետ, սակայն Բոսնիան կաթոլիկական բազմադարյա կրոնական ավանդույթով Իտալիան չէ, որտեղ ռեժիսորի պարտքն է կասկածի տակ առնել այդ ավանդույթը աշխարհիկ դիրքերից։ Բոսնիան հետսոցիալիստական տարածքի մաս է, որտեղ կրոնը ինքնության փնտրտուքի գործիքներից է։ Ժբանիչն իրեն իրավունք չի վերապահում դատելու եւ առհասարակ որեւէ դիրքից հանդես գալու։ Նրա հերոսները հավասարապես համակրելի են ու իրավացի։ Եւ կրոնական թեման ընդամենը լեյտմոտիվ է մարդկային հարաբերությունների հնարավոր զարգացումները բացահայտելու համար։ Ֆիլմը սիրո մասին է, եւ հիմնական հարցադրումը, որ առաջանում է դիտումից հետո, հռետորական հարցն է՝ ի՞նչ է սերը։ Հարցազրույցներից մեկում Ժբանիչն ասում է. "Ես կտխրեմ, եթե ֆիլմում տեսնեն միայն քաղաքական ենթատեքստ։ Ես նկարահանել եմ ֆիլմ առաջին հերթին սիրո մասին։ Ինձ հետաքրքիր էր հասկանալ, թե որքան են մեր հարաբերությունները մարդկանց հետ կախված աշխարհի պատկերացումից, որ կրում ենք մեր գլխում։ Եւ որքան կարող ենք փոխվել՝ մնալով ինքներս"։



Ծնունդով Սարաեւոյից փախստական Լունան եւ պատերազմի մասնակից Ամարը երջանիկ, սիրող զույգ են, որի երջանկությունը չի խաթարում անգամ անզավակությունը։ Սակայն պատահական (բառի բուն իմաստով՝ պատահարային) հանդիպումը մարտական ընկերոջ հետ, ով գտել է Ալլահին եւ ապրում է կրոնական համայնքում, անդառնալի բեկում է մտցնում ընտանիքի կյանքում։ Կրոնական համայնքի հետ գործնական շփման արդյունքում Ամարը երկու շաբաթում բոլորովին այլ մարդ է դառնում, ու չնայած նրա հավաստիացումներին, թե ոչինչ չի փոխվել, թե ինքն ուզում է ընդամենը ավելի լավը լինել, թե առաջվա պես սիրում է իր կնոջը, հանդիսատեսը կռահում է, որ սերը պահպանելու ցանկությունը չէ սերը։



Սակայն ռեժիսորն իր առջեւ չի դնում մշակութային զանազանության, մշակույթների բախման ու այլ ամպագոռգոռ խնդիրներ, թեպետ այդ խնդիրներն արծարծում է հպանցիկ կերպով։ Նաեւ աշխարհիկի ու հոգեւորի դասական կոնֆլիկտը չէ շեշտադրվածը, այլ ամեն ինչի փոփոխականությունը այն աշխարհում, որում մենք ապրում ենք։ Այդպես նա, ում հետ պատրաստվում է մարդն անցնել իր կյանքի ամբողջ ճանապարհը, մի շաբաթում կարող է դառնալ այդ ճանապարհին հանդիպած պատահական մեկը։ Մարդկային պարզ փոխհարաբերությունների միջոցով ռեժիսորը, որ նաեւ սցենարի հեղինակն է, զգուշորեն պատմում է իր հասարակության մեջ առկա խնդիրների մասին։ Ֆիլմը զերծ է արտ"հաուզային մեծամտությունից ու աճպարարություններից, որ այդքան սիրում եւ այդքան վատ են կիրառում մեր հայրենակիցները։ Կարելի է ասել՝ նորմալ կինո նորմալ մարդկանց մասին նորմալ հանդիսատեսի համար (այն իմաստով, որով այդ բառն օգտագործում է մեկ այլ նախկին հարավսլավացի Սլավոյ Ժիժեկը)։ Սա երեւի ամենաբարդ խնդիրն է, որ իր առջեւ դրել ու ազնվորեն լուծել է բոսնիացի այս աղջիկը։