Պայքարը կշարունակի Երևանի փողոցներում

Պայքարը կշարունակի Երևանի փողոցներում
ՀՀՇ հիմնադիր անդամ, ՀԱԿ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ղեկավար Կարապետ Ռուբինյանը երեկ դուրս եկավ ՀՀՇ-ից: Մեր հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Դուք դուրս եք գալիս նաեւ ՀԱԿ-ից, Ռուբինյանն այսպես արձագանքեց. "Չէի մտածել ճիշտն ասած էդ ուղղությամբ: Այո, երեւի, բա ի՞նչ: Բայց պայքարից դուրս չեմ գալիս, էդ հաստատ ա": Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ ՀՀՇ վարչության ընտրությունները կեղծվել են, եղել է "ոչ օրինակելիների" ցուցակ, որի մեջ են եղել իրենից բացի նաեւ Գրիգոր Ոսկերչյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը. "Պետք է վերցնել առաջադրվածների եւ ընտրվածների ցուցակը՝ համեմատել": Հետաքրքրվեցինք, թե նամակը տարածելուց հետո իր հետ փորձե՞լ են կապվել, պարզաբանումներ տալ ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից: Պարզվեց՝ ոչ: "Սա նշանակո՞ւմ է, որ Դուք կապերը խզում եք ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի հետ" հարցին Ռուբինյանը պատասխանեց՝ "այո": Ասացիք պայքարը շարունակելու եք, որտե՞ղ եք շարունակելու: "Երեւանի փողոցներում": "Իսկ հնարավո՞ր է ինչ-որ բան շտկվի, ու Դուք նորից վերադառնաք ՀՀՇ կամ ՀԱԿ" հարցին Կարապետ Ռուբինյանն այսպես արձագանքեց. "Էդ ենթադրությունների ոլորտից ա: Եթե համարձակություն ունենան ընդունեն իրենց սխալը, պատժեն ընտրակեղծարարներին, դա ակնհայտ առողջացման միտումներ ցույց կտա, չէ՞, բայց չեմ կարծում էդպիսի բան լինի":