Խելքի ՕԳԳ-ն ՀՀՇ համագումարի բանաձևում

Խելքի ՕԳԳ-ն ՀՀՇ համագումարի բանաձևում
Անկախ Հայաստանի նորագույն պատմության հիմնադիր կուսակցության 16-րդ համագումարից եթե ոչ հանրությունը, ապա գոնե լրատվամիջոցներն ակնկալում էին ՀՀՇ ներքին պառակտման պատճառների թեկուզ մասնակի բացատրություն: Ուստի վաղ առավոտից կառավարության նիստերի դահլիճում անբնական աշխուժություն էր՝ լրագրողները փնտրում էին ականներին, ականները՝ թաքստոցներ: ՀՀՇ վարչության այն անդամները, որոնք վերջին շրջանում լրատվամիջոցներում ներկայացվում էին որպես պառակտման հիմնական հեղինակներ՝ ընդհանրապես չէին ներկայացել համագումարին՝ Խաչատուր Քոքոբելյան, Մասիս Այվազյան, Հովհաննես Հարությունյան:Արարատ Զուրաբյանը, զինված լինելով իրեն հատուկ ցինիզմով, մինչեւ վերջ կարողացավ խուսափել հարցերից ու կուլուարային խոսակցություններում ապահովեց Քոքոբելյանի խաթրին զոհ գնալու անմխիթար կարգավիճակ:  Համագումարը մյուս կուսակցությունների նույնատիպ միջոցառումներից տարբերվում էր նրանով, որ գյուղերից ու քաղաքներից ավտոբուսներով մարդ չէր բերել գլխաքանակ ապահովելու նպատակով: Հին կուսակցականները ամենայն պատասխանատվությամբ ներկայացել էին նախ ՀՀՇ կենսունակությունը վկայելու, հետո էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարոտած լինելով: Ի դեպ, առաջին նախագահի գործոնը լուրջ դեր էր խաղացել համագումարը մարդաշատ ու կարեւոր դարձնելու հարցում: Հանդիսավոր մասին ներկա էին ոչ միայն հրավիրված  համակիր գործիչներ, այլեւ ՀԱԿ անդամ հասարակ ու հավատավոր քաղաքացիների հոծ բազմություն:



ԼԻԲԵՐԱԼ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ



Մի կողմ թողնելով ողջույնի խոսքերը, որ հիմնականում գովասանք ու անցած ուղու արձանագրություններ էին, կուսակցության հաշվետվությունը կարդաց ոչ թե Արարատ Զուրաբյանը՝ վարչության նախագահ չլինելու պատճառով, այլ Արամ Մանուկյանը՝ որպես այդ դահլիճում հանրապետության հռչակագիրը կարդացած սիմվոլ: Ինչպես 20 տարի առաջ, բայց արդեն ճերմակած մազ-մորուքով, մարդկայնորեն հոգնած, բարձրացավ ամբիոն ու հիշեցրեց, որ այս դահլիճը խորհրդանշական է ազատատենչ ու պետականության ջատագով ուժերի համար, ուստի հաղթելու են:



Ինչ վերաբերում է հաշվետվությանը, այն մասնակիցներին նախապես բաժանված համագումարի բանաձեւի ընթերցանությունն էր: Ու նորից արձանագրություն առ այն, որ ներքին քաղաքական դաշտի ամայացում եղավ, ու արտաքին քաղաքական դաշտում եղան պարտություններ: "Առանց պաշտոնական ձեւակերպման, ցավոք՝ նաեւ ԼՂ լուռ ու անհասկանալի համաձայնությամբ, սողացող մի ընթացքով յուրացվեց նրա՝ հակամարտության կողմ լինելու մանդատը: Հաճախ որպես քոչարյանական գավառամտության արդյունք ներկայացվող այս փաստն իրականում դավաճանական գործարքի հետեւանքն էր",-ասաց ու շեշտեց, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ոչ միայն տեր կանգնեց դավաճանական այդ գործարքին ու խորացրեց այն, այլեւ ավելացրեց Հայոց ցեղասպանության ուրացման ամոթալի խարանը: Միգուցե պետությանն ու ժողովրդին համակած ողբերգությա՞ն, թե՞ հայերի հատուկ հոգեկերտվածքի թելադրանքով, դահլիճում ներկա մարդկանցից ոչ ոք չքննարկեց այդ "բանաձեւը", չհարցրեց, թե որն էր այնուամենայնիվ դրա հանրագումարը, ինչի բանաձեւն էր: Տպավորություն ստեղծվեց, որ համագումարի ընթացքը սահուն անցկացնելու ու կուսակցության ներքին խնդիրները քողարկելու կազմակերպչական լուրջ գործ է արվել: Թեպետ մթնոլորտում տեսանելի լարում կար զուրաբյանական ու կոնգրեսական թեւերի միջեւ, բայց կուլուարներում միմյանց խեթելուց ու ատամներ կրճտացնելուց անդին զարգացում չեղավ: Զսպող հանգամանքը թերեւս Տեր-Պետրոսյանի ներկայությունն էր, որը մնաց մինչեւ վերջ, մինչեւ նորընտիր վարչությունը կգումարեր նիստ ու հայտնի կդառնար նախագահի անունը:



ՄԻ ՀՈԳՆԱԾ ՈՒ ՏԽՈՒՐ ՏՐՈՒԲԱԴՈՒՐ...



Եկավ, ինչպես միշտ՝ պաթետիկ կեցվածքով, ինչպես "շեֆը՝ վերջին վայրկյանին", ու դահլիճն օտարվեց ամբիոնից խոսացողի ճառից, որ կանգնի ու ողջունի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրան երբեք այդքան մտազբաղ ու ներփակ չէինք տեսել: Նույնիսկ նախասրահներում ճեմելիս թեպետ սիրալիր ու պատրաստակամ էր բարեւում ու լուսանկարվում "փրկչի քղանցքներին հպվելու մարմաջով" նրան մոտեցող կանանց ու տղամարդկանց, բայց այն տպավորությունն էր, որ իր մտքերի հետ է: Կարծես մի շատ կարեւոր գործ էր վերահսկում, ճակատագրական նշանակության մի գործ: Նրա խոսքն էլ էր հագեցած մտահոգությամբ: Կարծես ամփոփում էր վերադարձից հետո իր հնչեցրած նախազգուշացումներն ու տալիս վերջին ազդանշանը: Առանցքը ԼՂ հակամարտության "ստատուս-քվոն"-էր, որ արդեն անհնար է պահել: "Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց, քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել:



Ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը",-ասաց ու նախազգուշացրեց, որ հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը ու կունենանք Հայաստան՝ առանց հայերի: Նշեց նաեւ, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել: ""Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է" պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար",-հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մարդկանց հիացական հայացքները վկայում էին, որ առավել կարեւորում են իրենց առաջնորդին ամբիոնում տեսնելու, քան նրա ասածների լրջությունն ընկալելու հարցը: Մինչ ՀՀ եւ ԼՂ շուրջ զարգացող գործընթացների մեկնարկը մի անգամ ժողովրդին էր խորհուրդ տվել ապավինել Աստծուն, եթե իշխանության ղեկն ընկնի Սերժ Սարգսյանի ձեռքը: Այս, իմ տպավորություններով՝ վերջին անգամ արդեն խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին ու նրա վարչակարգին: "Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ մանավանդ խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը: Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը",-ասաց: Նաեւ մեկնաբանեց ասածը, նշելով, որ այդ հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:



"Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում: Նման վարքագիծը կապված է ոչ ցանկությունների, ոչ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ: Հայաստանի իշխանությունները, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ: Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք: Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք":



ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԱ՝ ԱՂԲԸ ՓԵՇԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԵԼՔՈՎ



Միայն նրան էր վերապահված բացերից խոսելու իրավունքը: Ու մի քանի բառով նշեց ՀՀՇ ներսում ծագած հարցերը: Այդպես էլ ասաց. "Իսկ այժմ մի քանի խոսք ՀՀՇ ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում": Նշելով, որ դրանք ընդամենը ասեկոսեներ էին, սահմանափակվեց "իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ: Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել"-ով, այլ "մանրամասներ" չբացահայտեց ու անուններ չհնչեցրեց: Ասաց միայն` ժամանակն է, որ "Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել":



ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ



Եթե մինչ այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակից ելքեր էր հուշում, ապա ՀՀՇ համագումարում  նա գուժեց վերջը՝ պետականության: Այդ ֆոնին կուսակցության ներքին ժողովրդավարության իսպառ բացակայության հարցն արդեն երկրորդական էր թվում ու հավասարվում Հայաստանում առկա մյուս կուսակցությունների ֆորմալ գոյությանը՝ եղավ համագումար, ընտրվեց վարչություն, նշանակվեց նախագահ ու ներկայացրեց համընդհանուր պրոֆանացիայի իստեբլիշմենտը: